«Հայաստանում բենզինի պահանջարկը մոտավորապես 250 հազար տոննա է, դրա քանի՞ տոկոսն է կազմում նախորդ տարեվերջին Հայաստան ներկրված ադրբեջանական 1200 տոննա բենզինը, դա կարո՞ղ է գնային որեւէ ազդեցություն ունենալ շուկայի վրա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ադրբեջանական բենզինի՝ Հայաստան ներկրման մասին հարցին, նման վերլուծություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ խոսակցությունները, թե դրա շնորհիվ է բենզինի գինն իջել հայաստանյան շուկայում, «աբսուրդ եւ հիմարություն» են։ Բենզինի այդ ողջ պատմությանն ինքն այսպիսի բնութագրում է տվել՝ «քարոզչական բենզինի ներմուծում»։
Ռոբերտ Քոչարյանի վերլուծությամբ, բենզինի գինը Հայաստանում նվազել է, որովհետեւ միջազգային նավթային շուկայում վերջերս մեծացել է նավթի արտահանումը Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի կողմից։ Սա բերել է նավթի գնի էժանացման, ինչն էլ բերել է նավթամթերքի էժանացման։
Ռոբերտ Քոչարյանը մանրամասնեց՝ Ադրբեջանում կա նավթազատման մեկ գործարան, որը հազիվ է բավարարում Ադրբեջանի պահանջները․ «Նախորդ տարի Ադրբեջանը 120 հազար տոննա պրեմիում տեսակի բենզին է ներմուծել Ռուսաստանից։ Նույնիսկ մեծ հարց է՝ Հայաստան եկած բենզինն ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական։ Հեքիաթներ են, թե ադրբեջանական էժան բենզինը կգա․․․ Ադրբեջանը չունի այդ քանակի բենզին»։
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի մասին էլ՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Դա լավ է, բայց ո՞վ, ու՞մ է ավելի մեծ լավություն անում՝ առնո՞ղը, թե վաճառո՞ղը։ Հայաստանում գեներացված գումարները գնում են Ադրբեջան։ Սա որպես մեծ լավությունը ներկայացնելը, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Ես տասը տարի նախագահ եմ եղել, և մենք երբեք վառելիքի ներմուծման խնդիր չենք ունեցել։ Ի դեպ, վառելիքը Հայաստան ներկրվում էր Բուլղարիայից․ ռուսական նավթը գնում էր Բուլղարիա, վերամշակվում և գալիս Հայաստան։ Ադրբեջանի երկաթուղու կարիքն ընդհանրապես չկար։ Եթե դա մեզ նոր հնարավորություններ է տալիս, նորմալ է, բայց մտածիր, թե ուր են գնում քո երկրի գումարները և ինչ են ֆինանսավորում»։
Կարդացեք նաև
Լրագրողի հստակեցնող հարցին՝ եթե ինքը կրկին իշխանության գա, կշարունակի՞ բենզինի ներկրումը Ադրբեջանից, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Իշխանությունը, համենայնդեպս իմ կառավարման ժամանակ, երբեք բենզին, դիզվառելիք չի ներմուծել, մասնավորն է ներմուծել։ Եթե պարզվի, որ ավելի էժան է Ադրբեջանից բերելը, պետք է մտածել։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ամեն ինչ նորմալ լինի, կբերեն։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ դա այդպես է լինելու։ Բայց կրկնեմ՝ Ադրբեջանն այդ քանակի վառելիք չունի։ Եթե ռուսական բենզինը ներմուծվի Ադրբեջան, հետո Հայաստան, նախարարն էլ գնա սահմանում պլակատներով դիմավորի, երգեր երգեն, ես դրա անունը դրել եմ «քարոզչական վառելիք»։ Ամոթ է, ինչի՞ տեղ եք դրել մեր ժողովրդին։ Մտածում են՝ ոչ ոք չի՞ մտնելու, թվերը չի՞ ուսումնասիրելու, չի՞ վերլուծելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոբերտ Քոչարյանը հիշեց, որ իր նախագահ եղած շրջանում Ադրբեջանի նախագահին՝ հայր Ալիեւին առաջարկել է Ադրբեջանից բիտում ներկրել՝ Հայաստանում խոշոր շինարարության համար: Հեյդար Ալիեւն ասել է, որ լավ բան է առաջարկում Քոչարյանը, բայց իր երկրում իրեն ճիշտ չեն հասկանա, քննադատության ալիքը մեծ կլինի, քանի որ Հայաստանը հաղթող կողմ է։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միավորելու մասին, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Մենք էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ավելցուկ ունենք Հայաստանում։ Ադրբեջանն էլ ունի ավելցուկ։ Վատ չի լինի, եթե միանան, բայց հեքիաթներ են, թե մենք իրենց հոսանք ենք ծախելու կամ իրենք են մեզ ծախելու։ Մենք այդ հոսանքի կարիքը չունենք։ Մենք էական ավելցուկ ունենք էլեկտրաէներգիայի արտադրության։ Ադրբեջանն էլ ունի ավելցուկ, իհարկե, ոչ այն մասշտաբի, որքան մենք, բայց ունի»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































