Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տասը տարի նախագահության ժամանակ երբեք հակաթուրքական հայտարարություն չեմ արել, եւ ոչ մի նախագահ այդպիսի բան չի արել»․ Քոչարյանը հիշեցրեց Փաշինյանի հակաթուրքական հայտարարությունները

Հունվար 29,2026 14:08

«Միայն Հաքան Ֆիդանը չէ, Կայա Կալասի հայտարարությունը նայեք։ Այո, նրանք շատ ուղղակի աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Չեմ կարծում, որ դա իրենց նախաձեռնությունն է։ Նախաձեռնությունը գալիս է Հայաստանից։ Հայաստանից պատվիրակությունները գնում են, ասում են՝ մենք արեւմտյան գիծն ենք բռնել, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսելու մեր դեմ։ Նույնն է, ինչ անում էր Սաակաշվիլին․ սրում էր հարաբերությունները, հետո վազում ԱՄՆ՝ աջակցություն խնդրելու համար»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Նույն մոդելն է։ Դու փորձում ես սրված հարաբերություններում մեկի գիրկը մտնե՞լ, թե՞ ընտրել այն քայլերը, որոնք բերում են այնտեղ, որտեղ համընկնում են շահերը։ Մենք այդպես էինք անում եւ դրա անունը դրել ենք կոմպլեմենտար քաղաքականություն։ Հիմա Հայաստանն անում է ճիշտ հակառակը, սրում է հարաբերությունները և փորձում է դրա դիմաց ինչ–որ բան պոկել Արեւմուտքից։ Ինչպես է սա ազդելու ներքաղաքական կյանքի վրա․ որոշակի ազդեցություն ունենալու է։ Բայց պատկերացրեք՝ ընդդիմությունն այդ տեսանկյունից հայտնվել է անհավասար պայմաններում։ Նույն Ռուսաստանը նման կարգի հայտարարություններ չի անում, Չինաստանն էլ չի անում։ Չինաստանի ու ԱՄՆ–ի տարբերությունն այն է, որ ԱՄՆ–ն ասում է՝ եթե սա չանես, կպատժեմ, իսկ Չինաստան ասում է՝ եթե սա անես, կխրախուսեմ։ Մոտեցումների մեծ տարբերություն կա, այդ պատճառով էլ Չինաստանը շատ ավելի գրավիչ է շատ երկրների համար։ Հայաստանը, չգիտեմ ինչ նպատակներով, մտնում է այնտեղ, որտեղ մեկի հետ հարաբերությունները պետք է կառուցես մյուսի հետ հարաբերությունները փչացնելու արդյունքում։ Սա նորմալ չէ փոքր երկրի համար»։

Երկրորդ նախագահը հիշեցրեց՝ 2018-2020 թվականներին Նիկոլ Փաշինյանը հակաթուրքական այնպիսի հայտարարություններով էր հանդես գալիս, ինչպիսի հայտարարություն որեւէ այլ ղեկավար երբեք չի արել․ «Այդ ժամանակ Մակրոն–Էրդողան հարաբերություններն էին սրվել։ Մակրոնը փորձում էր հակաթուրքական ոչ ֆորմալ դաշինք ձեւավորել եւ այդ հարցը շատ ակտիվ քննարկում էր Եգիպտոսի, Իսրայելի, Հունաստանի, Կիպրոսի հետ։ Այդ ժամանակ Հայաստանը միացել էր այդ ոչ ֆորմալ կոալիցիայի ձեւավորմանը։ Մակրոնն էլ շաբաթը մեկ կարծիք է փոխում։ Ես տասը տարի նախագահության ժամանակ երբեք հակաթուրքական հայտարարություն չեմ արել, հարեւան երկիր է։ Դուք պատկերացրեք՝ ես սկսեի խոսել Քուրդիստանի ստեղծման մասին, դա հիմարություն կլիներ, հարվածի տակ կդնեի Հայաստանի հանրապետությունը։ Եվ ոչ մի նախագահ այդպիսի բան չի արել։ Ինքը մտավ այդ պատմության մեջ եւ երեւի սա է պատճառներից մեկը, որ 2020 թվականի պատերազմում Թուրքիան անթաքույց կանգնեց Ադրբեջանի կողքին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031