Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանի անվան պատանեկան 2-րդ միջազգային մրցույթը մեկնարկում է հինգ մասնագիտական կարգերում

Հունվար 29,2026 15:42

Հունվարի 26-ին Չինաստանի ազգային օպերային թատրոնում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան պատանեկան երկրորդ միջազգային մրցույթի հայտարարման մամուլի ասուլիսը։ Միջոցառմանը ներկա էին Ազգային օպերային թատրոնի տնօրեն և մրցույթի պատվավոր գեղարվեստական ղեկավար Լյու Յունջինը, Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակութային բաժնի ղեկավար Միսակ Բալայանը, «Ջինսե» միջազգային կրթամշակութային ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր։

2026 թվականին մրցույթը կընդլայնի իր աշխարհագրությունը ու մասնակցության ձևաչափերը։ Մրցույթի նպատակն է ոչ միայն բացահայտել երիտասարդ տաղանդներին, այլև ձևավորել միջազգային մշակութային հարթակ, որտեղ բարձր մասնագիտական չափանիշները կհամադրվեն հանրային գեղագիտական կրթության և ժամանակակից հաղորդակցման մեխանիզմների հետ։ Ներկայացվեց նաև մրցույթի առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարությունը՝ ընդգծելով նախաձեռնության երկարաժամկետ և համակարգված զարգացումը Չինաստանում։
Մրցույթի կարևորագույն նորարարություններից է մասնագիտական ուղղությունների ընդլայնումը․ ջութակ, դաշնամուր և թավջութակ մասնագիտություններին ավելանում են ալտը և կամերային երաժշտությունը, ինչի արդյունքում մրցույթը կընդգրկի հինգ հիմնական ուղղություններ՝ ներկայացնելով լարային, ստեղնաշարային և կամերային արվեստը։

Մասնագիտական ընդլայնմանը զուգընթաց` մրցույթն իրականացնում է նաև աշխարհագրական ընդգրկման նորարարական քայլ։ Երկրորդ մրցույթը առաջին անգամ նախատեսում է առդեմ նախընտրական փուլերի անցկացում աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Տարածաշրջանային նախընտրական փուլերը կկայանան 2026 թվականի հուլիս–սեպտեմբեր ամիսներին, իսկ լավագույն մասնակիցները ելույթ կունենան Պեկինում՝ նոյեմբերին` մրցույթի եզրափակիչ փուլում։ Այս ձևաչափը զգալիորեն բարձրացնում է մրցույթի միջազգային ներկայացվածությունն ու մրցակցային մակարդակը՝ լիովին մարմնավորելով «սահմաններ չունեցող երաժշտական երկխոսության» գաղափարը։

Առաջին անգամ մրցույթի շրջանակում կներդրվեն հանրային մասնակցության նոր ձևաչափեր՝ «առցանց քվեարկություն» և «հանդիսատեսի մրցանակ» անվանակարգերը։ Միջազգային ճանաչում ունեցող ժյուրիի մասնագիտական գնահատականին զուգահեռ, աշխարհի տարբեր երկրներից հանդիսատեսը հնարավորություն կունենա առցանց հետևել մրցութային ելույթներին և քվեարկել իրենց նախընտրած երիտասարդ երաժիշտների օգտին՝ մրցույթը դարձնելով առավել բաց, մասնակցային և կրթական։

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանի երաժիշտներ։ Մրցույթն իրականացվում է սիրողական ու պրոֆեսիոնալ խմբերի բաժանմամբ՝ հստակ մրցութային փուլերով։ Ժյուրին կկազմավորվի համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարներից, դիրիժորներից և երաժշտական մանկավարժներից, իսկ մրցութային փուլերին կմասնակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Միջոցառումները կուղեկցվեն ուղիղ հեռարձակմամբ։

Մրցույթին զուգահեռ անցկացվող «Խաչատրյան պատանեկան երաժշտական շաբաթ» նախաձեռնությունը նույնպես կներկայանա թարմացված ձևաչափերով՝ ներառելով վարպետության դասեր, կրթական ծրագրեր, համերգներ և նորարարական միջոցառումներ։ 2026 թվականի Խաչատրյանի անվան պատանեկան երկրորդ միջազգային մրցույթը պարզապես մրցույթ չէ, այլ համապարփակ միջազգային մշակութային հարթակ, որը միավորում է մրցակցությունը, կրթությունը, հաղորդակցությունն ու հանրայնացումը՝ ստեղծելով կամուրջ Չինաստանի և համաշխարհային երաժշտական իրականության միջև` բացելով նոր հնարավորություններ երիտասարդ տաղանդների համար։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031