ՀՀ կառավարության վարչական մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել ՀԷՑ-ի գործով դատական նիստը հետաձգելու ուղղությամբ. ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի վրա ՍԴ-ում վիճակման առարկա են դարձվել Էներգետիկայի մասին օրենքի եւ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի որոշ հոդվածներ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցը: Այս մասին վարչական դատարանում տեղեկացրին կողմերին:
«Որոշակի դատավարական գործողություններ կան, որոնք հնարավոր է իրականացնել մինչեւ դատական գործի կասեցնելու հարցին անդրադառնալը»,-նման դիրքորոշում հայտնեց «Տաշիր կապիտալ» ընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ իրենք ներկայացնում են միջնորդություն, որը հնարավոր է հարցը քննարկել անկախ Սահմանադրական դատարանի որոշումից: Նշվեց նաեւ, որ նոր փաստաթղթեր են ներբեռնվել՝ շինթույլտվություններ, լրացուցիչ ապացույցներ, միջնորդություն է ներկայացվել ածանցյալ պահանջի մասով՝ հայցի ապահովման միջոց կիրառվելու առնչությամբ:
Դատավորն ասաց, որ դա գրավոր քննության ենթարկելու միջնորդություն է, կա 2-օրյա ժամկետ՝ հարցին լուծում տալու համար: Արամ Օրբելյանն էլ ընդգծեց, որ կասեցման հիմք այս պահին չեն տեսնում:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում փաստաբան, «Տաշիր կապիտալ» ընկերության շահերի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը պարզաբանեց, որ իրենք միջնորդություն էին ներկայացրել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ: «Քանի որ գործը դատարանը պետք է քննի երկամսյա ժամկետում, բայց զուգահեռ նաեւ կառավարությունն էլ 3-ամսյա ժամկետում պետք է առաջարկ ներկայացնի ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը ձեռք բերելու համար, մեր կողմից համապատասխան միջնորդություն էր ներկայացվել այդ գործողությունը կասեցնելու հետ կապված, որ կառավարությանը թույլ չտա նման գործողություն իրականացնել: Միաժամանակ, վարչական վարույթի շրջանակում մենք ներկայացրել էինք միջնորդություն, որ կասեցնեինք վարչական վարույթը, որովհետեւ ՍԴ-ն քննում է այն օրենսդրական փոփոխությունները, որոնք եղան Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո, ու այս պրոցեսները սկսելու համար արվեցին: Այսինքն, օրենքում փոփոխություն կատարեցին, մտցրեցին նորմեր, որոնցով կարող են ՀԷՑ-ը վերցնել սեփականատերերից»:
Փաստաբանը մանրամասնեց, «Քանի որ ՍԴ-ում գործ է քննվում, այս մասով դատարանը հարց բարձրացրեց, թե կողմերն ինչ կարծիք ունեն ՍԴ-ում քննվող գործի հիմքով սույն վարույթը կասեցնելու հետ կապված: Մենք այստեղ զուտ տեխնիկական դատավարական մեր դիրքորոշումը հայտնեցինք: Գլոբալ, այո՛, քանի դեռ ՍԴ-ում գործը քննվում է, չի կարող այդ նորմերի կիրառմամբ որոշում կայացվել կամ այդ նորմերի կիրառմամբ արդեն իսկ կայացված որոշման հիման վրա դատարանը որոշի՝ իրավաչափ էին, թե ոչ գործողությունները:
Այնտեղ նաեւ մեկ այլ հարց էլ կա՝ հետադարձ ուժի հետ կապված: Քանի որ օրենքն ընդունվեց հուլիսին, բայց ուժ տրվեց եւ ասվեց, որ նախկինում ինչ խախտում ունեցել ես, այդ բոլոր հարցերին մենք կարող ենք այս պահին անդրադառնալ: Այսինքն` շատ մեծ լիազորություններ տրվեցին հանձնաժողովին եւ ՏԿԵՆ նախարարին, որպեսզի նախկինում տեղի ունեցած, ընդհուպ մինչեւ վարույթը հարուցելու պահին մինչեւ «Տաշիր գրուպի» կողմից ձեռք բերելը եղած խախտումներն էին ներկայացրել: 2015-ին 6-7 խախտում էր ունեցել ՀԷՑ-ը, զուտ ծավալ ցույց տալու համար դրանք էլ էին բերել, որ տեսեք, թե ինչ վատն է ՀԷՑ-ը»:
Ի թիվս այլնի, նա անդրադարձավ նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին եւ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին որպես երրորդ անձ ներգրավելուն: «Ռոմանոս Պետրոսյանի եւ ՀԷՑ-ի շահերը հակադրվում են, չի կարող Ռոմանոս Պետրոսյանի շահերից բխի, որ ՀԷՑ-ը լիցենզիայից չզրկվի: Դատարանը թույլ չտվեց Ռոմանոս Պետրոսյանին որպես երրորդ անձ ներգրավել, ինձ էլ որպես ՀԷՑ-ի ներկայացուցիչ դատարանը թույլ չտվեց, որպեսզի ես ՀԷՑ-ին ներկայացնեմ, այլ ՀԷՑ-ին ներկայացնում է Ռոմանոս Պետրոսյանի կողմից լիազորված անձը, որը դատական նիստերին չի ներկայանում եւ որեւէ դիրքորոշում չի հայտնում: Պատկերացրեք Ձեզ լիցենզիայից զրկում են, դուք դատական նիստերին չեք ներկայանում, որեւէ դիրքորոշում չեք հայտնում, բողոքարկում չեք հայտնում, ինչն աբսուրդ է: ՀԷՑ-ը զրկված է դատական պաշտպանության իրավունքից, ինչպես վարույթի ընթացքում պաշտպանության հնարավորությունից» :
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ՀԷՑ-ը զրկվել էր էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից, իսկ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից խլել էին ՀԷՑ-ի կառավարումը ՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելով ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































