Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը
Քիչ առաջ գլխավոր դատախազին հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` ՕՀՄ տվյալ կեղծելու, ՔԿ նախկին քննիչ, 18 արդարների գործով քննչական խմբի ղեկավար Մնոյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու և հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի դեմ` կեղծ ապացույց օգտագործելու համար:
Հիշեցնեմ, որ դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ տխրահռչակ «գյուլլելու» մասին ապացույցը կեղծված է` ներկայացնելով իրական խոսակցությունը: Հնարավորություն էինք տվել դատախազներին մինչև ապացույցների հետազոտման փուլը հրաժարվել դրանից և ինքնուրույն ապահովել կեղծիք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
Վերջիններս ոչ միայն հարցին ընթացք չեն տվել, այլև նախորդ վերջին դատական նիստերում պնդել են այդ կեղծ ապացույցը օգտագործելու միջնորդությունը:


















































