«Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը տեսաուղերձում ասել է. «Սամվել Կարապետյանի 300 000 նոր աշխատատեղ ստեղծելու գաղափարը իրականություն դառնալու է մարզերի համար: Հատկապես Շիրակի մարզի, Գյումրիի համար դա բառացիորեն լինելու է փրկության ծրագիր։
Շիրակը տարիներ շարունակ ապրում է նույն փակ շրջանի մեջ՝ գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, դատարկվող քաղաք և նորից գործազրկություն։ Գյումրիում հազարավոր ընտանիքներ այսօր գոյատևում են ոչ թե աշխատանքի, այլ օգնության, պարտքերի, ժամանակավոր եկամուտների հաշվին։ Երիտասարդը բուհը ավարտելուց հետո մտածում է միայն մեկ բանի մասին՝ կամ գնալ Երևան, կամ երկրից դուրս։
Սա Շիրակի մարզն է, դատարկվող տարածք, որը պահվում է միայն մարդկանց համբերությամբ։ Երբ ասում ենք 300 000 աշխատատեղ, մենք Գյումրիի, Շիրակի մարզի համար ասում ենք՝ վերադարձնելու ենք արժանապատիվ աշխատանքը, վերադարձնելու ենք հույսը, վերադարձնելու ենք ընտանիք կազմելու, երեխա ունենալու վստահությունը և, վերջիվերջո մեր մարզին, մեր քաղաքին վերադարձնելու ենք իր կենսունակությունը։ Եթե այդ աշխատատեղերի թեկուզ 20-25 կամ 15%-ը ստեղծվի մարզերում, դա Շիրակի համար նշանակելու է տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր։ Սա նշանակում է աշխատող ծնող, ապրող բակ, բացվող խանութ, աշխատող դպրոց՝ ոչ թե դպրոցի շենք, և ամենակարևորը՝ շնչող քաղաք։
Շիրակի մարզը բարեգործություն չի ուզում։ Շիրակի մարզը աշխատանք է ուզում։ Ոչ մի մարզ այնքան չի զգում իր աշխատանքի պակասի ցավը, որքան մեր մարզն է։ Ու հենց այստեղ է 300 000 աշխատատեղերի ծրագիրը դառնում ոչ թե քաղաքական խոստում, այլ սոցիալական փրկօղակ։ Սա այն փոփոխությունն է, որը կարող է առաջին անգամ վերջին 30 տարվա մեջ ասել Գյումրին ու Շիրակի մարզի բնակչին՝ քո ապագան այստեղ է, քո տունը այստեղ է և քո քաղաքը կենդանի է»:


















































