Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազերթաջի» Բեռլինի թղթակիցը չի գրում՝ ՀՀ դեսպանը, մասնակիցներից որեւէ մեկը հակադարձե՞ց, պարզաբանե՞ց, հիշեցրե՞ց, թե ՀՀ սահմանադրությանը միջամտելու արտոնություն չունի Ադրբեջանը. «Ազգ»

Հունվար 30,2026 10:43

Հունվարի 27-ին Բեռլինում Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հրավերով, ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը, Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ելույթ են ունեցել «Շրջադարձային ժամանակ Հարավային Կովկասում. Պատմական խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Գերմանիայի դերը եւ Եվրոպա- Արեւելք նոր կապը» խորագրով քննարկմանը:

Քննարկման մասին ադրբեջանական պետական «Ազերթաջ» բազմալեզու գործակալությունը մի քանի անդրադարձ է արել:

«Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունեցել միջոցառման ժամանակ», վերնագրել է «Ազերթաջը» հունվարի 28-ին:

Ըստ «Ազերթաջի», ԳԴՀ արտաքին գործերի նախարար Վադեֆուլն ասել է, թե Բունդեսթագում Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ լինելով` լավատեղյակ է հայ-ադրբեջանական  հակամարտությանը, ժամանակին այդ հարցը պարբերաբար քննարկել է երկու երկրների դեսպանների հետ: Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության գործընթացում առաջընթացը մեծ նվաճում է երկու երկրների համար, նշանակալի իրադարձություն Եվրոպայի պատմության մեջ: Վադեֆուլը նշել է, որ  Գերմանիան պատրաստ է շարունակել իր ներդրումը այս գործընթացում: Նա նաեւ ընդգծել է, որ խաղաղությունը լայն հնարավորություն է բացում երկու երկրների՝ ԵՄ-ի հետ կայուն եւ հուսալի հարաբերություններ կառուցելու համար: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթը բարձր է գնահատել այն փաստը, որ նման միջոցառում առաջին անգամ է տեղի ունենում Բեռլինում՝ երկու երկրների դեսպանների մասնակցությամբ: Լաշեթի մեկնությամբ, գործընթացը մեծ նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ Գերմանիայի համար, քանի որ տրանսպորտային եւ երկաթուղային նոր կապեր են ստեղծվում դեպի Կենտրոնական Ասիա, ինչը կարեւոր է նաեւ Եվրոպայի համար: Լաշեթը նաեւ հիշեցրել է, որ 2025-ին ուղեկցել է ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Հայաստան եւ Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ, հատկապես ընդգծել Ադրբեջանի հարուստ ավանդույթները՝ հանդուրժողականությունը եւ բոլոր կրոնների ներկայացուցիչների խաղաղ համակեցությունը: «Ազգն» իհարկե 11.04.2025-ին անդրադարձել է Լաշեթի՝ Բաքվում «հանդուրժողականության» մասին հայտարարություններին, բայց Բեռլինում գերմանական համալսարանների կազմակերպած քննարկմանն ինչպե՞ս է համարձակվել նույնը կրկնել, երբ կողքին նստած է եղել ոչ միայն Նասիմի Աղաեւը, այլեւ Վիկտոր Ենգիբարյանը, դժվար է պատկերացնել:

Շարունակենք «Ազերթաջի» ընթերցումը. «Դեսպան Նասիմի Աղաեւն ելույթում նշեց, որ 2020 թվականի հայրենական պատերազմից հետո (արտոնու՞մ են ԳԴՀ, ՀՀ ԱԳՆ-ները «հայրենական» եզրույթը, սա նվազագույնը բողոքի առիթ պիտի դառնա, ագրեսորի ոճը պիտի զսպվի- Ան.Հ.)  նախագահ Ալիեւի հեռատես եւ ռազմավարական ղեկավարության ներքո, սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն եւ կայուն պայմաններ հաստատելու ուղղությամբ: Ադրբեջանը նախաձեռնել է խաղաղության օրակարգը, առաջարկել խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքները եւ ներկայացրել իր առաջին նախագիծը: Չնայած բանակցությունները երկկողմ են եղել, Գերմանիան կառուցողական դեր է խաղացել՝ հատկապես վճռորոշ փուլում: Աղաեւը հավելել է, որ երկարատեւ եւ իրավաբանորեն ամուր խաղաղության համար ՀՀ սահմանադրության լիակատար համապատասխանեցումը խաղաղության համաձայնագրի սկզբունքներին եւ Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջների անհապաղ վերացումը առաջնային նշանակություն ունեն»:

«Ազերթաջի» Բեռլինի թղթակիցը չի գրում՝ ՀՀ դեսպանը, մասնակիցներից որեւէ մեկը հակադարձե՞ց, պարզաբանե՞ց, հիշեցրե՞ց, թե ՀՀ սահմանադրությանը միջամտելու արտոնություն չունի Ադրբեջանը, իսկ տարածքային պահանջների առումով արտգործնախարար Միրզոյանը դեռ 2023-ի աշնանը, երբ ԳԴՀ ԱԳ նախարար Բերբոքը Երեւանում էր, հաջորդ օրը Բաքու պիտի մեկներ, հստակեցրեց, թե ադրբեջանական ԶՈՒ-ն ապօրեն զբաղեցնում է ՀՀ 200 քմ-ից ավելի տարածք:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Լուսանկարում՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթը, Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը, Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031