Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Փետրվար ամսին սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Վենսը այսօր աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է։ Այս այցը լավագույն առիթն է մեծ հանրային ալիք բարձրացնելու մեկ հստակ պահանջով՝ Վենսը պետք է լուծի հայ գերիների հարցը այս այցի շրջանակներում։ Նա դա վստահորեն կարող է անել։
Հայ հանրությունը պետք է բացառիկ կոնսոլիդացիա ապահովի այս հարցի շուրջ, ընդ որում՝ և՛ ՀՀ-ում, և՛ Սփյուռքում։ Սա նաև կարող է օգնել ՀՀ իշխանությունների վրա ազդելու և այս հարցը օրակարգի թիվ մեկ հարց դարձնելուն։ Սա իսկապես կարևորագույն ու բացառիկ շանս է այս հարցին լուծում տալու համար։ ԱՄՆ-ն կարող է դա անել։ Բաքվում հայ գերի մնալ չի կարող։ Դա անհամատեղելի է խաղաղության մասին խոսույթի հետ:
Այս առիթով կոչ եմ անում հանրային ու քաղաքական գործիչներին, մարդկանց, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերին՝ օգնեք առաջիկա օրերին այս հարցը դարձնել հնչեղ և օրակարգային, օգնեք ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի այս հարցին լուծում տրվի Վենսի այցի շրջանակում, օգնեք հասնել նրան, որ Բաքու այցի ժամանակ Վենսը պարտադրի Ալիևին լուծել այս հարցը։ Եկեք մեր ուժը օգտագործենք այս խնդրին լուծում տալու համար։ Սա ՀՀ անվտանգության և ազգային արժանապատվության հարց է։


















































