Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն հաստատել է Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո 20 մլն. եվրո արժողությամբ աջակցության միջոցի տրամադրումը

Հունվար 30,2026 11:46 Share

Եվրոպական խաղաղության գործիքակազմ. ԵՄ խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված երկկողմ աջակցման միջոցի երկրորդ մասը

Խորհուրդն այսօր հաստատել է Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո 20 մլն. եվրո արժողությամբ աջակցության միջոցի տրամադրումը։

Աջակցման միջոցի նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները՝ հատկապես ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովման ուղղությամբ։ Այն նաև կնպաստի Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը և Զինված ուժերի փոխգործելիության ընդլայնմանը, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից ղեկավարվող միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին Հայաստանի հնարավոր ապագա մասնակցության տեսանկյունից։

Այս աջակցման միջոցը միտված է լրացնելու և զարգացնելու 2024 թվականին մեկնարկած ընթացիկ աջակցման միջոցառումները, որոնցով նախատեսվում էր շարժական վրանային ճամբարի տեղակայում՝ այն ընդլայնելով ու հասցնելով բրիգադային մակարդակի։ Այսօրվա որոշմամբ՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո Հայաստանին աջակցության ընդհանուր ծավալը հասնում է 30 մլն եվրոյի։

«Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում այս աջակցման միջոցը ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ–Հայաստան անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ։ Այս միջոցի տրամադրմամբ Եվրոպական միությունը վերահաստատում է իր հանձնառությունը շարունակելու աջակցել Հայաստանի դիմակայունության հետագա ամրապնդմանը, ինչը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը», – նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Արտաքին գործերի խորհրդի նախագահ Կայա Կալասը։

Այսօր հաստատված աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և նպատակ ունի Հայաստանում և Հարավային Կովկասում խթանել խաղաղությունը, կայունությունն ու բարեկեցությունը։

Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի հետ խորացնելու համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը` հիմնված ԵՄ–Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։

Նախապատմություն և հաջորդ քայլեր

Եվրոպական խաղաղության գործիքակազմը հիմնադրվել է 2021 թվականի մարտին՝ նպատակ ունենալով ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ներքո ֆինանսավորել գործողություններ՝ ուղղված հակամարտությունների կանխարգելմանը, խաղաղության պահպանմանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մասնավորապես, Եվրոպական խաղաղության գործիքակազմը ԵՄ-ին հնարավորություն է տալիս ֆինանսավորել ռազմական և պաշտպանական ոլորտներում երրորդ երկրներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանն ուղվված գործողությունները։

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031