Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկվում են մարդկանց կյանքեր, վերջին մեկ շաբաթում մեծ հերթեր անգամ պոլիկլինիկաներում չենք դիտարկում»․ նախարարը մանրամասներ ներկայացրեց առողջության ապահովագրության մասին

Հունվար 30,2026 12:14

«Այս բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը, աշխատունակությունը, հավելյալ սոցիալական ճնշում չեն ավելացնում պետության վրա։ Եվ պետությունն իր միջոցները ներդնում է, որպեսզի մեր մարդկային կապիտալը զարգանա եւ մաքսիմում ծառայի ՀՀ զարգացմանն ու տնտեսական աճին»,- խորհրդարանում ՔՊ խմբակցության կազմակերպած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ հունվարի մեկից համակարգը սկսել է աշխատել, արդեն հունվարի առաջին օրերին եղել են սպասարկվողներ։ Այցերի թիվն արդեն իսկ 250 հազարը հատել է։ Նախարարն ասաց, որ ընթացիկ փոփոխություններ էլ են իրականացվում, որոնք բխում են իրական կյանքից։ «Վեց ամսվա ժամկետում մենք արդեն հանդես կգանք ավելի բարելավող, մեր քաղաքացիների առաջարկությունների հիման վրա կազմված որոշակի առաջարկություններով»,- նշեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց այն խմբերին, ովքեր օգտվում են առողջության համապարփակ ապահովագրությունից։ «Եթե անձը մինչեւ 18 տարեկան է, 65+ տարիքի է, կամ 18-65 տարեկան առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամություն ունի, կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ է, այս անձինք ապահովագրվում են պետության կողմից։ Սա նշանակում է, որ բյուջեն նրանց համար վճարում է տարեկան 129 600 դրամ։ Այստեղ պետք երկու հանգամանք միաժամանակյա լինի՝ ՀՀ քաղաքացի եւ ՀՀ-ում ռեզիդենտություն ունենալու հանգամանքը»,- ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը նաեւ մանրամասնեց, թե ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հետո որը պետք է լինի ՀՀ քաղաքացիների հետագա գործողությունը․ «Մարդն ունի որոշակի գանգատներ՝ վատառողջ է։ Այս պարագայում պետք է տարբերակենք երկու դեպք․ եթե դա անհետաձգելի բուժօգնություն է, այստեղ առաջինը դիմում են շտապ օգնությանը կամ հիվանդանոց։ Եվ ձեր ապահովագրական փաթեթի մեջ ներառված ծառայություններն արդեն գործարկվում են։ Եթե մարդը շտապ օգնության կամ հրատապ անհետաձգելի բուժօգնության կարիք չունի, ապա նա գնում է պլանային իր պոլիկլինիկական ամբուլատորիա՝ ընտանեկան բժշկի, թերապեւտի կամ մանկաբույժի մոտ։ Եվ արդեն այս անձինք են, որ անձին ուղղորդում են բուժօգնության։ Սա է բուժօգնության ստացման ուղին»։

Եթե անձը չունի սմարթ հեռախոս եւ չի կարողացել գրանցվել ԱՐՄԵԴ համակարգում, ըստ նախարարի, դա չի նշանակում, որ նա խնդիր կունենա օգտվել համակարգից։ «Եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր ԱՐՄԵԴ հավելվածը, իր համաձայնությունը չի տվել, բայց ինչ-ինչ պատճառով շտապ օգնությամբ ընկել է հիվանդանոց, սա եւս խոչընդոտ չէ նրա իրավունքը իրացնելու համար։ Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակներում հաստատումը կիրականացվի, եւ նա կստանա իր բժշկական օգնությունը»,- հավելեց Ավանեսյանը։

Նախարարը նաեւ վիճակագրական տվյալներ ներկայացրեց՝ համակարգում այսօր ներառված է 1 մլն 571 հազար 181 անձ։ Նրանց միայն 18,3 տոկոսն են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները, այսինքն՝ միայն 18,3 տոկոսն է, որն ապահովագրավճար վճարող է, մյուսները՝ պետական հոգածության ներքո են։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ հիվանդանոցներում մեծ հերթեր են առաջանում, հնարավո՞ր է օնլայն հերթագրում իրականացնել։ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հունվարի առաջին օրերին պոլիկլինիկաներում կային հերթեր։ «Բայց վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեծ կուտակումներ եւ շատ մեծ հերթեր անգամ պոլիկլինիկաներում չենք դիտարկում։ Ինչո՞ւ, որովհետեւ օնլայն հերթագրման համակարգն աշխատում է»,- նշեց նախարարը։

Ապահովագրական փաթեթի մեջ ներառված դեղերի ցանկը եւս ԱՐՄԵԴ հավելվածում տեղադրված է, նշեց նախարարը։ Քաղաքացիները կարող են հեշտ մտնել ու տեսնել՝ իրենց դեղը փոխհատուցվո՞ւմ է, թե՞ ոչ։ Կան դեղեր, որոնք համավճարի սկզբունքով են հատկացվում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031