Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն մոտեցումը ոչ թե խաղերի արգելափակումն է, այլև ծնողների իրազեկվածությունը և մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը. Քննարկում նախարարությունում

Հունվար 30,2026 15:04

Հունվարի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել իրենց երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ՝ քննարկելու երեխաների կողմից մի շարք խաղային հարթակներ օգտագործելու ընթացքում ի հայտ եկող վտանգները։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հանդիպումը նախաձեռնվել էր ի պատասխան վերջին շրջանում նախարարության ստացած բազմաթիվ դիմումների, որոնք վերաբերում էին Roblox և այլ նմանատիպ խաղային հարթակներին։

Բաց և կառուցողական քննարկման ընթացքում ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները: Հնչել են կարծիքներ, համաձայն որոնց պետությունը պետք է ոչ թե ընտրի արգելքների ճանապարհը, այլ  օգնի քաղաքացիներին՝ գտնել առավել անվտանգ և արդյունավետ մեխանիզմներ իրենց երեխաներին առցանց միջավայրում առկա վտանգներից պաշտպանելու համար։

Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև փաստարկներ, որ ներկայումս գոյություն ունեն մի շարք գործիքներ և լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն և ռիսկերի նվազեցմանը։ Խնդիրը հիմնականում այդ գործիքների վերաբերյալ իրազեկվածության պակասն է, ուստի կարևոր է ապահովել համապատասխան տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիների առավել լայն շրջանակների համար։

Ընդգծելով քննարկման կարևորությունը՝ նախարար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ծնողներին ակտիվ ներգրավվածության և խնդրի բարձրաձայնման համար։ Նախարարի խոսքով՝ թվային անվտանգության հարցերի լուծումը պետք է հիմնված լինի կրթական և իրազեկման գործընթացների վրա, և, որ պետության նպատակը ոչ թե սահմանափակումների կամ արգելքների կիրառումն է, այլ իրազեկվածության վրա հիմնված անվտանգ թվային միջավայրի ձևավորումը։

 

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին ընդգծել է, որ խաղերի արգելափակումը արդյունավետ լուծում չէ, քանի որ տեխնիկական շրջանցման բազմաթիվ հնարավորություններ կան: Նրա գնահատմամբ՝ առանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում։

Քննարկման արդյունքում ընդգծվել է, որ լավագույն մոտեցումը ոչ թե խաղերի արգելափակումն է, այլև ծնողների իրազեկվածությունը և մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը։ Ընդգծվել է, որ ծնողները պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ խաղեր են յուրացնում իրենց երեխաները, ինչ բովանդակության կարող են բախվել, ինչ հնարավոր ռիսկեր կան և ինչ գործիքներով կարող են վերահսկել ու նվազեցնել այդ ռիսկերը:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ թեմայի շուրջ քննարկումները և համատեղ աշխատանքը շարունակելու ուղղությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031