Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր առավոտյան գրառում էր կատարել, որն անմիջապես հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում և օգտատերերի կողմից բուռն քննարկումների արժանացել։
Կարապետ Պողոսյանը տեղեկացրել էր, որ «իրական Հայաստանում» ոստիկանությունն այնքան «անվտանգ է», որ ոստիկանության գվարդիայի Գյումրու պահպանության բաժնի աշխատակիցները դիմել են ոստիկանություն, ահազանգել 1-02 ծառայություն՝ պաշտպանվելու համար։
«Մասնավորապես, վերջերս ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, ապա հաղորդում է ներկայացվել ոստիկանության գվարդիայի Շիրակի բաժնի կողմից։
Կարդացեք նաև
ՆԳՆ նախարարի կողմից ձևավորված գվարդիայի Շիրակի բաժնի վրա մեկը հարձակվել է, կոտրել ապակիները, սարսափած ոստիկան հերթապահներն էլ դիմել են ոստիկանություն։ Գվարդիան, որ պետք է ապահովի պետական պաշտպանություն հատուկ ռազմավարական օբյեկտների, չի կարողացել ապահովել սեփական անվտանգությունը։
«Իրական» Հայաստանում փաստացի ոստիկանությունը կարող է միայն հարձակվել, օրինակ, եկեղեցու վրա, իսկ մյուս պարագաներում ինքը անզոր է։ Սա է իրական պատկերը։
Ինչ ասեմ, բարի գալուստ «Իրական Հայաստան»՝ ստի, կեղծիքի, պարտության ու նվաստացման Հայաստան»,- գրել էր Կարապետ Պողոսյանը։
ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից Կարապետ Պողոսյանի գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը չմեկնաբանեցին։
Aravot.am-ը ճշտեց, որ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 27-ին։
Համոզվելու համար՝ հարձակում եղե՞լ է, թե՞ ոչ, մենք եղանք ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Գյումրու պահպանության բաժնի շենքի մոտ։ Նկատելի էր, որ պատուհաններից մեկի ապակու մի փոքր հատված վնասված էր․ այն ծածկել էին ցելոֆանով (տես լուսանկարներում)։
Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ոստիկանության գվարդիայի շենքի վրա հարձակման կասկածանքով ոստիկանության Մուշի բաժին, այնուհետ՝ Շիրակի մարզի քննչական բաժին, հրավիրվել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամներից մեկը՝ Նիկոլայ Ղազարյանը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ ԴԱՀԿ-ն հետախուզում էր հայտարարել ավագանու նախկին անդամի նկատմամբ, վերջինս էլ, զայրանալով և մտածելով, որ ոստիկանությունն է հետախուզում հայտարարել, փորձել է հաշիվ պարզել ոստիկանությունից։
Մեզ տեղեկացրել էին, որ քրեական վարույթ է նախաձեռնված, և այն քննում է Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Ռիմա Դավթյանը։
Մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ նման քրեական վարույթ իրենց մոտ հարուցված չէ։
Նշենք, որ Գյումրու ավագանու այս անդամը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ևս չորս այլ անդամների հետ Վարդգես Սամսոնյանի պաշտոնավարման տարիներին՝ 2024 թվականին, հրաժարվել էր մանդատից այն պատճառով, որ Շիրակի դատախազ Արմեն Չիչոյանը պաշտոնական երկու գրություններ էր հասցեագրել Գյումրու ավագանու բոլոր խմբակցություններին՝ առաջարկելով դատարան դիմել և հայց հարուցել՝ կապված որոշակի ապօրինի հողահատկացումների ու համայնքային գույքի մասնավորեցման հետ, որոնք կատարվել են՝ սկսած 2003 թվականից։ Դրանք, ըստ դատախազի գրության, կատարվել են թե՛ Վարդան Ղուկասյանի, թե՛ Սամվել Բալասանյանի օրոք։
Գյումրու ավագանու հինգ անդամներ՝ Հարություն Նիկողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Հասմիկ Ստեփանյանը, Երվանդ Խանամիրյանն ու Աղասի Մաթևոսյանը, գերադասել էին վայր դնել մանդատները՝ հրաժարվելով դեմ դուրս գալ թե՛ Վարդան Ղուկասյանին, թե՛ Սամվել Բալասանյանին, հատկապես որ դատախազի գրության մեջ խոսք էր գնում «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի և Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև բերդ» ամրոցի մասնավորեցման մասին։
Մանդատից հրաժարված ավագանու հինգ անդամներից չորսը՝ Հարություն Նիկողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Երվանդ Խանամիրյանն ու Աղասի Մաթևոսյանը, որոնք, ի դեպ, ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին բավական շատ ձայներ էին ապահովել՝ լինելով, այսպես ասած, թաղային հեղինակություններ, դեմ էին եղել այն պատճառով, որ ապրում են փոքր քաղաքում, և դա վնասում է իրենց հեղինակությանը։
Նշենք նաև, որ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ ընտրվելուց հետո ավագանու նիստերից մեկի ժամանակ հատուկ շնորհակալություն էր հայտնել այս տղաներին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































