Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքե՞ր են երրորդ երկրների քաղաքացիները, Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի, որպեսզի ադրբեջանցինե՞րն անցնեն»

Հունվար 31,2026 13:00

Հայ-թուրքական սահմանի բացման մասին հստակ տեղեկություններ Թուրքիայում չկան։ Այս մասին «Առավոտին» ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Թուրքական մամուլում, մեդիայում եւ քաղաքական շրջանակներում ոչ մի լուր չկա այդ մասին։ Հետեւբար, ես էլ չգիտեմ, թե ինչու հանկարծակի այդ թեման օրակարգ  եկավ»,- ասաց Էստուկյանը։

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հույս ունի՝ հայ-թուրքական սահմանի՝ գոնե մասնակի բացում կտեսնենք եկող օրերի, շաբաթների ընթացքում, այնուհետեւ լրիվ կբացվի սահմանը։

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե առաջիկայում հնարավո՞ր է հայ-թուրքական սահմանի բացում, ասել է. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր է, եւ զարգացումներ կան այդտեղ։ Վաղուց հասունացած է, որ իրադարձություններ տեղի ունենան։ Ես հույս ունեմ, որ այդ իրադարձությունները տեղի կունենան, եւ դեռեւս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններն առնվազն իրականություն կդառնան։ Դիվանագիտական խողովակներով աշխատանք արվում է, որոշակի ազդակներ մենք ստանում ենք Թուրքիայից, նաեւ հրապարակային»։

Իսկ նախորդ տարեվերջին թուրքական մամուլը գրել էր, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարեւոր անցումային կետերից մեկում՝ Ալիջանի սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ եւ նախապատրաստական միջոցառումներ։

Բագրատ էստուկյանն ասաց, որ մամուլի այդ հրապարակումից հետո այլ տեղեկություն չի եղել մեդիա դաշտում, Թուրքիայի կառավարության անդամների կողմից նույնպես հայտարարություններ չկան։ Եվ ուրեմն, հարց է հնչում՝ ի՞նչն է Հայաստանի իշխանություններին հույս ներշնչել, որ Թուրքիան առաջիկայում կարող է բացել սահմանը։

Անդրադառնալով հարցին, թե Թուրքիան այս փուլում կգնա՞ հայ-թուրքական սահմանի բացմանը, Էստուկյանը պատասխանեց. «Ես այս հարցին միշտ պատասխանում եմ՝ Ադրբեջանի գործոնը նկատի ունենալով։ Եթե Ադրբեջանը համաձայն է, Թուրքիան սահմանը կբացի, եթե ոչ, չի բացի։ Մինչեւ այսօր Թուրքիան տակավին որոշում չի կայացրել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Թուրքիայի նախագահը բազմիցս սահմանի բացման համար որպես պայման է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության դաշինքի ստորագրումը։ Իսկ մենք նաեւ գիտենք Ալիեւի առավելապաշտական քաղաքականությունը, թե ինչ պահանջներ է ներկայացնում, հետեւաբար, այս խնդիրը սառած մնացած խնդիր է»։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ սահմանը կարող է բացվել ոչ թե ամբողջությամբ, այլ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես կողմերն ավելի վաղ պայմանավորվել են, Բագրատ Էստուկյանն ասաց. «Այդ պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահման բացելը, ինքնին անիմաստ է։ Սահմանը երկու անկախ պետությունների միջեւ գիծ է, եթե այդ գիծը պետք է բացվի, նախ տվյալ երկրների քաղաքացիների շահագործման համար պետք է բացվի։ Ովքե՞ր են երրորդ երկրների քաղաքացիները, Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի, որպեսզի ադրբեջանցինե՞րն անցնեն, բուլղարնե՞րն անցնեն»։

Մեր զրուցակցի խոսքով՝ սահմանը բացելու իմաստն այն պետք է լինի, որ Հայաստանն ապաշրջափակվի։ «Ապաշրջափակման հարցում Ադրբեջանի հետ որոշակի առաջընթաց կա՝ բենզինի, հացահատիկի փոխադրում տեղի ունեցավ։ Հետեւաբար, անիմաստ է Հայաստան-Թուրքիա սահմանի փակ մնալը, բայց, կրկնում եմ, Ալիեւը պետք է համաձայնի, որպեսզի սահմանը բացվի»,- հավելեց Էստուկյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031