Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննական և ուկրաինական ակնկալիքները Հարավային Կովկասում

Հունվար 31,2026 00:03

Ֆինլանդիայի պաշտպանական ուժերը և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակված նյութերում անդրադարձել են Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Արձանագրում են՝ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում նվազել է։

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ թեև երկու նյութերում Հայաստանի հիշատակումը առանձնահատուկ նշանակություն չունի, թե՛ Ուկրաինան, թե՛ Ֆինլանդիան ուշադրությամբ հետևում են Ռուսաստանին։

Համատեքստ

«Հարավային Կովկասում Ռուսաստանը կարևոր դերակատար է մնում՝ չնայած ազդեցության նվազմանը։ Այն կորցրել է իր դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության արտաքին կարգավորող, և Ռուսաստանի հետ երկու երկրների հարաբերություններն էլ թուլացել են», – ասված է ֆիննական ռազմական հետախուզության զեկույցում։

Ուկրաինայի հետախուզությունից էլ նշում են․ «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին (TRIPP) ռուսաստանին [ուկրաինական պաշտոնական հրապարակումներում Ռուսաստանը չի գրվում մեծատառ «Ռ»-ով – խմբ․] վերջապես զրկում է Հարավային Կովկասում հիմնական խաղացողի իր դիրքից․․․ Մինչ այժմ Մոսկվան իրեն դիրքավորել էր որպես տարածաշրջանի հիմնական և միակ կապող դերակատար»։

Ֆինլանդիայի ինտելեկտուալ նախագահը և Հելսինկիի դերը միջազգային արենայում

Ֆինլանդիայի մասով փորձագետը հիշատակեց ոչ միայն 2023-ին Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, այլ նաև ֆինների «տհաճ հիշողությունները» ռուսների հետ կապված։

Նա ասաց․ «Ֆինլանդիայում Ռուսաստանը, դրանից առաջ՝ Խորհրդային Միությունը, միշտ եղել է հետազոտության առարկա։ Գուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին հաշվով մինչև բոլշևիկյան հեղափոխությունը Ֆինլանդիան գրեթե մեկ հարյուրամյակ Ռուսաստանի մաս էր։ Ֆինները նաև, այսպես ասենք, տհաճ հիշողություններ ունեն՝ կապված Ձմեռային պատերազմի հետ․․․ Հաշվի առնելով նաև, որ զգալի ցամաքային սահման կա Ռուսաստանի հետ, Ռուսաստանի վերաբերյալ հետազոտություններն այնտեղ եղել են բավականաչափ բարձր մակարդակի վրա»։

Միջազգային արենայում Հելսինկիի տեսանելիության բարձրացման՝ ՆԱՏՕ անդամակցության, ուկրաինական բանակցություններին երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբբի ներգրավվածության, մի շարք եվրոպացի առաջնորդների հետ Վաշինգտոն նրա այցի վերաբերյալ մեր դիտարկմանը՝ Պողոսյանը նկատեց․ «Վերջին տասնամյակում քաղաքական առաջնորդությունը կրկեսի վերածող և մարդկանց հաց ու զվարճություն տվող ղեկավարներից չէ Ֆինլանդիայի նախագահը»։

«Նա հազվագյուտ՝ քիչ թե շատ ինտելեկտուալ առաջնորդներից է», – արձանագրեց Պողոսյանը՝ հիշատակելով Ստուբբի՝ այս ամիս լույս տեսած «Ուժի եռանկյունին․ վերաբալանսավորելով նոր աշխարհակարգը» գիրքը։

Ռուսաստանի համար խնդիրների ստեղծումը՝ Ֆինլանդիայի շահերի տիրույթում

– Ֆինլանդիան որևէ շահագրգռվածություն ունի՞ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության նվազմամբ, թեկուզ անուղղակի՝ հարցրինք Պողոսյանին։

– Այս պահի դրությամբ Եվրոպայի կամ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև փաստացի պատերազմ է գնում՝ ոչ տաք պատերազմ կամ տաք՝ պրոքսի պատերազմի ձևով Ուկրաինայում։ Այս տրամաբանությամբ ցանկացած բան, որը Ռուսաստանի համար կարող է ստեղծել խնդիրներ կամ թեկուզ աննշան ցավեցնել Ռուսաստանին, կարծում եմ՝ այս պահի դրությամբ տեղավորվում է Ֆինլանդիայի շահերի տիրույթում։

Այն, ինչ վատ է Ռուսաստանի համար, ավտոմատ լավ է Ուկրաինայի՞ համար

Ինչ վերաբերում է Ուկրաինայի անդրադարձին՝ «Ակնհայտ է, որ ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված Ուկրաինան, իհարկե, հետևում է հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի հետ կապված ցանկացած զարգացման՝ ազդեցության աճ, ազդեցության նվազում, Ռուսաստանի հանդեպ վերաբերմունք, ռուսական դիրքերի ամրապնդում կամ, ընդհակառակը, թուլացում», – մանրամասնեց Պողոսյանը, շարունակեց․ «Այս առումով բնական է, որ այն, ինչ առնչվում է Ռուսաստանին, առավել ևս՝ հետխորհրդային տարածաշրջանում, բնականաբար պետք է լիներ ուկրաինական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում»։

Մեր տարածաշրջանում Ուկրաինայի հետաքրքրվածության վերաբերյալ զրուցակցիս հարցրի՝ ռուսական ազդեցության նվազումը գործնական ի՞նչ նշանակություն ունի Կիևի համար։

«Դրան պատասխանելը մի փոքր բարդ է», – ասաց նա։

«Տպավորություն է ստեղծվում, որ Ուկրաինայում, այսպես ասենք, կա ընկալում, որ այն, ինչ վատ է Ռուսաստանի համար, ավտոմատ լավ է Ուկրաինայի համար, եթե նույնիսկ դա ուղղակի ազդեցություն չունի Ուկրաինայի վրա։ Վենեսուելայում Մադուրոյի առևանգումից հետո Ուկրաինայում շատ մեծ ուրախություն կար այն իմաստով, որ՝ տեսե՛ք՝ Մադուրոյին՝ Պուտինի դաշնակցին, առևանգեցին, Պուտինին ստորացրին։ Զելենսկին պաշտոնապես հայտարարություններ է անում, որ Իրանը պետք է պատժվի, ռեժիմը պետք է տապալվի»։

«Դրանով իրենք փորձում են ինչ-որ տեղ մեղմել իրենց ցավը»

Փորձագետն առանձնացրեց նաև հարցի հոգեբանական շերտը՝ նշելով, որ վերջին երկու տարիներին ռազմական գործողությունները Կիևի օգտին չեն, իսկ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների հետևանքով խոշոր քաղաքներում միլիոնավոր մարդիկ անելանելի պայմաններում են ապրում։ Չկա ջեռուցում, հոսանք, ջուր, Կիևի որոշ շրջաններում անգամ կոյուղին չի գործում։

«Ծանր վիճակ է։ Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ցանկացած բան, որը վատ է Ռուսաստանի համար կամ ներկայացվում է որպես վատ Ռուսաստանի համար, ուկրաինացուն և քաղաքական վերնախավին հաճույք է պատճառում։ Դրանով իրենք փորձում են ինչ-որ տեղ մեղմել իրենց ցավը կամ իրենց հույս տալ, որ միայն իրենց մոտ վիճակը վատ չէ, և Ռուսաստանում նույնպես վատ է՝ Ռուսաստանի դիրքերը թուլանում են, Ռուսաստանի դաշնակիցներին ձերբակալում են, Ռուսաստանը վնասներ է կրում, շատ ծանր գին է վճարում»։

Հարավային Կովկասի կարևորությունը՝ Հյուսիսային Կովկասի համատեքստում

Պողոսյանի հետ զրուցեցինք նաև ՌԴ-ի համար Կովկասի նշանակության մասին։

Փորձագետը նախ հիշեցրեց, որ Ռուսաստանը կովկասյան պետություն է, քանի որ ՌԴ մաս է կազմում Հյուսիսային Կովկասը։ Այնտեղ 90-ականներին պատերազմ էր տիրում․ Չեչնիայում երկու անգամ է պատերազմ ընթացել, Դաղստանում աճում էր իսլամական արմատականությունը։

Մեր զրուցակցի փաստմամբ՝ պատերազմական ժամանակահատվածում Վրաստանի Պանկիսի կիրճում բնակվող, չեչեններին էթնիկապես համանման կիստերի միջոցով բազմաթիվ ահաբեկիչներ Վրաստանի տարածքով տարանցվել և թափանցել են ՌԴ։ Ադրբեջանի և Դաղստանի միջև սահմանի երկու կողմում էլ լեզգիներ են բնակվում, և Ադրբեջանի տարածքով նույնպես թափանցումներ եղել են։

«Իսլամական արմատականացման թափանցման համար խողովակներից մեկը Հարավային Կովկասն էր։ Հետևաբար, որքան Ռուսաստանը թույլ լինի Հարավային Կովկասում, այնքան կարելի է ենթադրել, որ այդքան հեշտ կլինի խնդիրներ ստեղծել բուն Հյուսիսային Կովկասում», – ասաց նա՝ հավելելով, որ Հյուսիսային Կովկասը ՌԴ-ի հարաբերաբար թույլ կետերից է․ ռուսները քիչ են, կան ինքնավար էթնիկ հանրապետություններ, որտեղ «հնարավորության դեպքում կարելի է առաջ տանել տարբեր անկախական շարժումներ՝ հիմնված ազգայնական կամ իսլամական գաղափարների վրա»։

Հարավային Կովկասը՝ դեպի Ասիա տանող առևտրային ճանապարհ

Հաջորդիվ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար ունի նաև լոգիստիկ նշանակություն, որն այսօր ավելի զգալի է, քան 10 տարի առաջ։

«Եթե հաշվի առնենք, որ Եվրոպայի հետ հարաբերությունները երկար ժամանակ լինելու են բավականաչափ վատ, Ռուսաստանը իր առևտրային շրջանառությունը հիմնականում տեղափոխելու է դեպի Գլոբալ Հարավ, ավելի կոնկրետ՝ Ասիա, Հեռավոր Արևելյան Ասիա և այլն։ Այս համատեքստում Հարավային Կովկասը դեպի Ասիա տանող առևտրային ճանապարհներում կարևոր դեր է խաղալու։ Հյուսիս–հարավ միջազգային միջանցքը, վերջին հաշվով առնվազն դրա ճյուղերից մեկը, անցնում է Հարավային Կովկասով՝ Ադրբեջանով», – բացատրեց Aravot.am-ի զրուցակիցը։

Հարավային Կովկասում ռուսական շահերը կապելով Հարավային Կովկասում ուկրաինական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հաշվարկների հետ՝ Պողոսյանը նշեց․ «Թե՛ աշխարհատնտեսական առումով, թե՛ շատ երկարաժամկետ հեռանկարում Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու առումով Ռուսաստանի դիրքի թուլացումը և Հարավային Կովկասում այնպիսի ուժերի ամրապնդումը, որոնք երկարաժամկետ առումով կարող են Հարավային Կովկասն օգտագործել Ռուսաստանի համար ինչ-ինչ խնդիրներ ստեղծելու նպատակով, բնականաբար ուկրաինացիներին ձեռնտու է»։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Aravot.am-ի զրուցակից Բենիամին Պողոսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031