Տեր Մովսես քահանա Սահակյանը ՔԿ է կանչվել իբրև մեղադրյալ. այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` ՔԿ-ից դուրս գալուց հետո։ Նա, ի դեպ, զբաղվում է Գերագույն հոգեւոր խորհրդի քարտուղարության հարցերով, բայց որոշումներ կայացնող չէ, դրանց հետ կապ չունի, ոչ էլ որոշումների կայացման վրա ազդեցություն ունի։
«Չեմ կարող մանրամասները ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք է։ Եթե փաստաբանները ճիշտ կգտնեն ինչ-որ բան հրապարակելու, կհրապարակեն»,-ասաց նա։ «Վերջին շրջանում ինչքան հոգևորականներ այս դուռը բացեցին ու մտան ներս, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, հոգևորականնե՞րը պետք է այս դռնից ներս մտնեն։ Այս երկրում հանցագործություն չկա՞, բացի հոգևորական լինելուց»,-իր վրդովմունքը բարձրաձայնեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվել Գերագույն Հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին` Քննչական կոմիտե ներկայանալու համար: Նրանք բոլորը մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Խոսքը ենթադրաբար Մասիացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանին է վերաբերվում։ Թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելուց հետո նա դատական կարգով վերականգնվել էր։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































