Լրահոս
Օրվա լրահոսը

Նաթան, Վահան եւ Մուշեղ սրբազաններին նույնպես արգելվեց երկրից դուրս գալ

Հունվար 31,2026 21:28 Share

Նաթան սրբազանի նկատմամբ նույնպես կիրառվեց խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելք։

Նա քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեից։ Սրբազանը հարցաքննվել է իբրեւ մեղադրյալ։ Նա նույնպես մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 507 հոդվածով՝ «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու»։

Սրբազանի փաստաբանը հայտարարեց, որ մեղադրանքը պաշտպանական կողմի համար պարզ չէ։ Խափանման միջոցի հարցը բողոքարկվելու է։

Հարցին՝ Եպիսկոպոսաց ժողովը խանգարելու նպատա՞կ ունի այս ամենը, սրբազանը պատասխանեց․ «Չգիտեմ։ Ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել, սիրելիներս»։

Նա նաեւ հստակեցրեց, որ Գերագույն հոգեւոր խորհուրդը կարգալույծ անելու որոշում չի կայացրել, նման որոշում կայացնելը Կաթողիկոսի մենաշնորհն է․ «Եվ որեւէ մեկը չի կարող Ամենայն Հայոց Կաթողիկոսի նման տնօրինություններն ու որոշումները չեղարկի կամ միջամտի»։

Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի պարագայում, Գերագույն հոգեւոր խորհուրդը Կաթողիկոսին առաջարկել է նման որոշում կայացնել։

Քիչ ուշ նաեւ փաստաբան Մարինե Ֆարմանյանը զրուցեց լրագրողների հետ։ Նա Վահան Սրբազանի փաստաբանն է։ Պարզ դարձավ, որ նրա նկատմամբ նույնպես խափանման միջոց է կիրառվել՝ բացակայելու արգելքը

Մուշեղ սրբազանի նկատմամբ ևս նույն խափանման միջոցն է կիրառվել։ Նրա պաշտպան Վրեժ Խաչիկյանը լրագրողներին փոխանցեց, որ վերջինս ի պաշտոնե եւ բարձր հոգեւորական ծառայության դիրքից ելնելով հաճախ է բացակայում եւ քանի որ նրան մեղսագրվող արարքն էլ ծանր հանցանք չէ, ուստի երկրից բացակայելու արգելք կարող էր չկիրառվել։

Փաստաբաններն ապօրինի են որակում իրենց պաշտպանյալներին մեղսագրվող արարքը եւ համարում են, որ սա պետության ուղիղ միջամտությունն է եկեղեցու գործերին, քանի որ ոչ մի քաղաքացիական կամ այլ մասնագիտացված դատարան չէր կարող միջանկյալ կամ վերջնական դատական ակտ կայացնել՝ դրանով լուծելով եկեղեցու ներքին կարգերին վերաբերվող հարցեր։

Խնդրո առարկան, հիշեցնենք, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի՝ թեմակալի պաշտոնից ազատումն է եւ կարգալույծ հռչակելը։

Հիշեցնենք, եպիսկոպոսներն առավոտից հրավիրվում են ՔԿ՝ հարցաքննության։ Նրանց միեւնույն մեղադրանքն է առաջադրվել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031