Նախարարների միջին ամսական եկամուտները, աշխատավարձն ու դրանց ավելացող պարգևավճարներն ավելի քան 40 անգամ գերազանցում են միջին կենսաթոշակը և մոտ 7,5 անգամ միջին աշխատավարձը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մինչդեռ ասում է. «Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են և ստանում են ոչ բավարար աշխատավարձ»: Նախարարներն անցած տարվա առաջին կիսամյակի համար ստացել են 6-7 միլիոն դրամ պարգևավճար։ Միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար: Դրանից բացի՝ 1 մլն 970 հազար դրամ էլ առանձին տողով է ավելացել նրա վարձատրությունը:
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ հանրային կառավարման հարցերով փորձագետ Սերոբ Անտինյանն այս առնչությամբ մասնավորապես ասաց. «Այս անջրպետը, ծայրահեղ՝ 40 անգամ տարբերությունը սոցիալական պետությանը հարիր չէ: Եվ պետք է հասկանանք, թե հասարակության վրդովմունքը որտեղից է բխում: Մենք սահմանադրությամբ Հայաստանի հանրապետությունը հռչակել ենք սոցիալական պետություն: Սոցիալական պետությունն առաջին հերթին սոցիալական համերաշխության ապահովումն է կառավարողների եւ կառավարվողների միջեւ: Այստեղ իրոք խնդիր ունենք: Եթե հանրությունը շատ սուր դժգոհություն է արտահայտում այս հարցի առնչությամբ՝ պիտի հասկանանք, որ խնդիր ունենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է. «Սա նաև 2018 թվականից մեր որդեգրած զրո կոռուպցիա և զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ քաղաքականության գործնական շարունակությունն է, որովհետև մենք որդեգրել ենք անկաշառ և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը, և այդ տեսլականը իրականացնելու և կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այդ որոշումը անհրաժեշտ»:
Հարցին ի պատասխան, թե որքանո՞վ է իրատեսական «զրո կոռուպցիա» քաղաքականությունը՝ Սերոբ Անտինյանը հետեւյալ նախադեպը հիշեցրեց. «Դեռ 2000-ականների կեսերից արդարադատական եւ նախաքննական մարմինների աշխատողների՝ դատախազների, քննիչների եւ դատավորների աշխատավարձերը կտրուկ բարձրացվեցին՝ նույն հիմնավորմամբ, որ մենք բարձր աշխատավարձ ենք տալիս այն պաշտոնյաներին, որոնք գործ ունեն շատ մեծ փողերի հետ, որ այդ մարդիկ կոռուպցիայից զերծ մնան: Եղա՞վ այդպես: Ոչ»: Նա հիշեցրեց, որ այն ժամանակ թոշակը 30 հազար դրամի կարգի էր, բայց դատավորների և դատախազների 800 հազար դրամի և ավելի աշխատավարձեր էին սահմանում, սակայն ակնկալիքները չարդարացան. «Ուղղակի կապ աշխատավարձերի կտրուկ աճի, բարձրացման եւ կոռուպցիայի՝ նույն քանակով նվազման միջեւ չկա»:
Կարդացեք նաև
Սերոբ Անտինյանն ընդգծեց, թե կողմ է, որ պետական ծառայողները, պետական կառավարման ապարատը, քաղծառայության համակարգն արժանապատիվ վարձատրվեն, «որպեսզի պետական համակարգը լավ աշխատի, բայց այս ամենը պիտի արվի այնպես, որպեսզի լինի իրավական առումով անխոցելի և ապահովի սոցիալական արդարությունը»:
Հաղորդումն ամբողջությամբ
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































