Իշխանության ինքնապարգեւատրման վերաբերյալ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գնահատականով՝ «Խիզախ քայլ է այս քայլը անելը, ինչի՞, որովհետև եթե նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ ընդհանրապես, որովհետև ավելի հեշտ էր, օրինակ, կանխիկ ինչ-որ մեկը գար ինչ-որ մարդկանց փողը բաժաներ։ Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետք է ամեն ինչ թափանցիկ լինի, հասկանալի լինի»:
Նախարարը նաեւ կարծիք էր հայտնել. «Մեր հանրությունը պետք է, եթե չասեմ՝ առնվազն գոհ լինի, ապա չզայրանա սրանից: Մենք հավելյալ 300 միլիարդի հարկ ենք հավաքել, այդ հարկը հավաքվել է այն պատճառով, որ պետական պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվում, բիզնես չեն հովանավորում, ազատություն է տրված տնտեսական գործունեություն իրականացնելու համար, մարդիկ զբաղվում են այդ գործունեությամբ, այդ ավել հարկերը վճարվում են, և այդ հարկերի մի մասը, այո՛, պետք է վճարվի որպես աշխատավարձ»:
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան կազմակերպության հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը անդրադառնալով նախարարի այս փաստարկին՝ հարցրեց. «Իսկ ո՞վ ասաց, որ չեն զբաղվում: Առաջին հարցը դա է»: Ճշտմանը՝ փաստեր ունի՞, որ զբաղվում են բիզնեսով՝ պատասխանեց, թե լրատվամիջոցներում այդ մասին հրապարակումներ կան. «Եվ վերջերս ուսումնասիրություն էի անում՝ իրական շահառուների ռեգիստրի, հայտարարագրման համակարգի՝ այնտեղ բավական ունիկալ բաներ կային: Օրինակ՝ պարզվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի իրական շահառուն գործադիր տնօրենն է: Եթե մենք այսպիսի ռեգիստր ունենք՝ մենք երբեք չենք կարողանա իսկապես գտնել շահառուներին: Եվ դա խնդիր է՝ իսկապե՞ս նրանք չեն զբաղվում»:
Կարդացեք նաև
Վարուժան Հոկտանյանը նաեւ ընդգծեց, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի սկզբունքներից է. «Առանց բարձր աշխատավարձի, առանց նորմալ վարձատրության, անհրաժեշտ պայման է, որ ունենանք կոռուպցիայի ցածր մակարդակ: Զրո կոռուպցիա եւ այլն՝ այդպիսի բան չկա, դա հեքիաթ է: Բայց գոնե ունենանք ցածր մակարդակ»:
Նա հարց ուղղեց. «Եթե մարդկանց կենսամակարդակն էապես չի բարձրացել՝ այդ դեպքում ինչո՞ւ են պարգեւատրվում…Պարգեւատրումների իմաստը դա է՝ լավ են աշխատել, որ մենք չենք կարող ասել՝ այո կամ ոչ. շատ դիֆերենցված է՝ որոշ տեղեր լավ են աշխատել, որոշ տեղեր՝ վատ»:
Հարցին էլ, թե ինչո՞ւ են սոցիալական խոցելի խմբերի խնդիրները երկրորդ պլան մղվում պարգևատրումների համեմատ՝ Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Հռետորական հարց է, պարզ է, թե ինչու: Առավել ևս, որ պարգևավճարներ չէին տրվել նախորդ տարիներին, իսկ այս տարի մենք ընտրություններ ունենք… Սա կապված է ավելի շատ դրա հետ»:
Հաղորդումն ամբողջությամբ
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ



















































Ինչպես միշտ, Վարուժանի վերլուծությունը ենթարկվում է տրամաբանությանը և հենվում է փաստերի վրա:
Զգացվում է, որ ֆիզիկոս է: Հպարտ եմ, Վարուժան ջան:
Հարգելի Աննա Իսրայելյան, շնորհակալություն այս նյութի համար:
Ձեզ էլ շնորհակալ եմ գնահատականի համար