Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփ. Եթե Իրանը չհամաձայնի միջուկային գործարքին, ապա կտեսնենք ԱՄՆ-ի հարձակումը կհանգեցնի՞ տարածաշրջանային պատերազմի

Փետրվար 02,2026 11:47 Share

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի միջուկային ծրագրի շուրջ գործարքի, ապա պարզ կդառնա, արդյոք Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ճի՞շտ էր կանխատեսել, որ ԱՄՆ-ի կողմից ԻԻՀ-ի վրա հարձակումը տարածաշրջանային պատերազմի կհանգեցնի, հայտնում է NBC News-ը:

Այաթոլլա Ալի Խամենեիի կիրակնօրյա հայտարարությունները հնարավոր պատերազմի մասին հնչել են այն ժամանակ, երբ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը՝ երկրի միջուկային հավակնություններին և կառավարության կողմից ցուցարարների դեմ իրականացված ճնշումներին ի պատասխան։

Խամենեիի հայտարարությունների վերաբերյալ լրագրողի հարցին Թրամփը պատասխանել է. «Իհարկե, նա այդպես կասեր»։

«Բայց մենք այնտեղ ունենք աշխարհի ամենամեծ և ամենահզոր նավերը՝ շատ մոտ, մի քանի օրվա հեռավորության վրա, և հուսով եմ՝ գործարք կկնքենք», – հավելել է նա։ «Եթե գործարք չկնքենք, ապա կտեսնենք՝ նա ճիշտ էր, թե՞ ոչ»։

Լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հունիսին հարվածներ հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին, իսկ վերջին շաբաթներին Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Իրանի կողմից ցուցարարների դեմ իրականացվող ճնշումները։

Հունվարին Թրամփը Politico-ին ասել էր, որ իր կարծիքով՝ «ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու»։

Երբ Իրանում բողոքի ցույցերը սրվեցին, Թրամփը ցուցարարներին կոչ  արեց շարունակել բողոքի ցույցերը՝ նշելով, թե «օգնությունը ճանապարհին է»: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Իրանում ցույցերի ընթացքում հազարավոր մարդիկ են սպանվել:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անցած շաբաթ ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ պլանավորված բանակցություն չկա, սակայն նշել է, որ պատրաստ է բանակցությունների վերսկսմանը։

Հիշեցնենք՝ Թրամփը հայտարարել էր, թե «հսկայական նավատորմ» ուղևորվում է դեպի Իրան։

«Ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է և ունակ է անհրաժեշտության դեպքում արագորեն կատարել իր առաքելությունը՝ արագությամբ և բռնությամբ»,– գրել էր նա Truth Social-ում։

«Հուսով ենք՝ Իրանը արագորեն «կնստի բանակցությունների սեղանի շուրջ» և կհամաձայնի արդար ու հավասարակշռված գործարքի՝ ԱՌԱՆՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ, ինչը լավ կլինի բոլոր կողմերի համար»։

Թրամփը նշել է, որ այդ «նավատորմն» ավելի մեծ է, քան Վենեսուելա ուղարկվածը՝ նկատի ունենալով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելու ու ԱՄՆ տեղափոխելու գործողությունը։ ԱՄՆ նախագահը նաև հիշատակել է Իրանում հունիսին իրականացված հարվածների մասին՝ գրառման մեջ նշելով, որ «հաջորդ հարձակումը շատ ավելի վատը կլինի»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել ավիակիր հարվածային խումբ, ինչպես նաև օդանավեր և ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգեր։

Թրամփի գրառումից հետո Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի հարձակման ցանկացած պատասխան լայնածավալ կլինի։

«Միացյալ Նահանգների ցանկացած ռազմական գործողություն՝ ցանկացած վայրից և ցանկացած մակարդակով, կհամարվի պատերազմի սկիզբ», – ըստ Իրանի պետական IRNA գործակալության՝ ասել է Շամխանին։

«Պատասխանը կլինի անհապաղ, համապարփակ և աննախադեպ։ Թիրախավորվելու են ագրեսորի կենտրոնը, Թել Ավիվի սիրտը և բոլոր նրանք, ովքեր աջակցում են ագրեսորին», – նշել է  նա։

2018 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում, Թրամփն ԱՄՆ-ին դուրս բերեց Իրանի միջուկային համաձայնագրից, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA)։ Համաձայնագիրն Իրանին առաջարկում էր պատժամիջոցներից ազատում՝ նրա միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728