Ըստ օրենքի, ԱԺ չանցած կուսակցությունների ձայները բաշխվում են անցած ուժերի վրա, եւ առյուծի բաժինը հասնում է առաջին տեղը զբաղեցրած ուժին, որը, որպես կանոն, իշխանությունն է լինում։ Այսինքն՝ ակնհայտ է, որ անցողիկ շեմը չհաղթահարողներն ուղղակի կամ անուղղակի օգնելու են իշխանությանը։ 2018-ին այդ «փոշին» կազմել է 17 տոկոս, որից 10-ը ստացել է «Իմ քայլը», եւ նրա տոկոսը դարձել է 73` բացարձակ մեծամասնություն։
Անցած ընտրություններին Փաշինյանին «փոշիով» աջակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւս մասնակցելու է այս տարի, սակայն նրա առաջնորդը` Էդմոն Մարուքյանը, ընդդիմադիր դաշտին միասնական ճակատով մասնակցության առաջարկ է արել՝ վրացական մոդելով։ ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, վկայակոչելով սոցհարցումների արդյունքները, հիշեցնում է, որ Փաշինյանը չունի մեծամասնություն եւ ընտրություններին հաջողելու համար կարող է ինքը նպաստել, որ հնարավորինս շատ ուժեր մասնակցեն եւ փոշիացնեն ձայները։ «Մեծ քանակի ուժերի մասնակցությունը եւ ձայների փոշիացումը ձեռնտու են միայն այս իշխանությանը։ Ուստի ԼՀԿ-ն առաջարկել է ընդդիմությանը՝ ընտրություններին մասնակցել մեկ միասնական ճակատով, որը 2012 թվականին Վրաստանում կիրառված մոդելն է, ընդդիմությունը, ի դեմս Բիձինա Իվանիշվիլու, մասնակցում էր 4-5 ճակատով եւ բազմաթիվ անհատների միավորմամբ, որի արդյունքում ոչ միայն Իվանիշվիլին հաղթեց Սահակաշվիլուն, այլեւ խորհրդարան անցավ 2 ուժ, եւ շատ փոքր էր մնացյալ մասնակից ուժերի փոշին։ Մեր դեպքում, հաշվի առնելով, որ եղել է Մոլդովայի, Ռումինիայի սցենարը, որ փակել են որոշ ուժերի մասնակցությունը` այս հարցը եւս լուծում է, քանի որ իշխանությունը չի կարող մեկ ընդդիմադիր միասնական ճակատին դուրս թողնել ընտրապայքարից, իսկ առանձին մասնակիցներին կարող է։ Հայտնի է նաեւ, որ նախընտրական շեմը դաշինքների համար բարձրացվել է 8-10 տոկոս, սա եւս մեծացնում է փոշիացման հնարավորությունը»։ Եթե միավորում տեղի չունենա, ԼՀԿ-ն, Խաժակյանի փոխանցմամբ, միայնակ կմասնակցի ընտրություններին։ «ԼՀԿ առաջնորդն անգամ հայտարարել է, որ այդ կոնսոլիդացիայի ժամանակ պատրաստ է անձնապես ցուցակում չլինել, միայն թե կուսակցական ամբիցիաները մի կողմ դրվեն, եւ իշխանափոխությունը կայանա: Բայց եթե ընտրությունների մասնակից 20 եւ ավելի ուժերը կարծեն, որ յուրաքանչյուրն առնվազն 10% ունի իր գրպանում, ապա մենք առավել եւս պոտենցիալ ունենք՝ հաջողելու ընտրություններում»,- հայտարարեց Խաժակյանը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































