Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախագահը զերծ մնաց ԹՐԻՓ-ի պարտավորությունների հետ կապված ռիսկերի մասին մեկնաբանություններից

Փետրվար 03,2026 15:21 Share

«2026 թ. փետրվարի 3-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6,5%: 2025 թ. չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ դեկտեմբերին կազմելով 3.3%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․3%:

2026 թ. առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը պահպանվում են։ ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի և գնաճային միջավայրի ձեւավորմանը:

Այդուհանդերձ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև ֆինանսական ակտիվների գների հնարավոր, հետագա ճշգրտման և աշխատաշուկայի պայմանների թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա: ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունից բխող մակրոտնտեսական ազդեցությունները որոշակիորեն թուլացել են, այդուհանդերձ այն շարունակում է մնալ անորոշության հիմնական աղբյուրներից մեկը: Միջնաժամկետում, ԱՄՆ-ի պետական պարտքի ակնկալվող մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունը պահպանվում է:

Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են: Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, իսկ պարենի համաշխարհային շուկաներից վերջին ամիսներին հիմնականում գնանկումային ազդեցություններ են փոխանցվում։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անորոշությունները և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության աղբյուր հանդիսանալ: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային պայմանները»,-նշեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա ներկայացմամբ, 2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է. «Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտում որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային գործոնների դերակատարությունը:

Պահանջարկի ընթացիկ պայմանների, ինչպես նաեւ դրա հետագա միտումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է: Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռեւս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումները մասամբ պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով: Զուգահեռաբար՝ մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել կայունացման միտումներ: Կարճաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկեր:

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%:

Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։

Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ ներառյալ համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի և ՀՀ տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացման վերաբերյալ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքների ուղի:

Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շուկայի սպասումներին համահունչ անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք փորձե՞լ են վերլուծել, թե հնարավոր ապաշրջափակումը ներկայիս պայմաններում ինչպես կարող է ազդել գների վրա, Մարտին Գալստյանն այսպես արձագանքեց. «Նման վերլուծություն դեռ չունենք, որովհետեւ ապրանքների քանակը եւ ծավալը, բավականին սեղմ է: Ինչ վերաբերվում է բենզինին, կարծում եմ , որ այդ ազդեցությունների հիմնական մասը կտեսնենք հունվարի գնաճի մեջ: Դեկտեմբերի 20-ից հետո գների ազդեցություններն ընկնում են հունվարի գնաճի հաշվարկի մեջ»: Նա նաեւ նշեց, որ ամեն դեպքում, չի կարծում, թե ազդեցություններն էական կլինեն:

«Ես հիմնականում շեշտադրումը կանեի բաց սահմանների վրա: Եթե ունենանք բաց սահմաններ, եւ տեղի ունենա ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ՝ ներմուծման ու արտահանման տեսքով, դա դրական ազդեցություն կունենա մեզ վրա, բայց ինչ չափով, այս պահի դրությամբ կդժվարանամ ասել»,-ընդգծեց Գալստյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է ԿԲ-ն գնահատում ԹՐԻՓ նախագծի պարտավորությունների հետ կապված երկարաժամկետ մակրոֆինանսական ռիսկերը՝ ներառյալ օտարերկրյա կապիտալի մասնակցությունը եւ արտաքին ֆինանսավորումից հնարավոր կախվածությունը, ԿԲ նախագահն այսպես պատասխանեց. «Սրա մասին պետք է խոսել այն դեպքում, երբ նախագիծն առնվազն ունենանք թղթի վրա, կարողանանք վերլուծել ու հասկանալ՝ ինչ քայլեր են մեզ սպասվում, ովքեր են ներդրողները, ինչ ծավալի ներդրման մասին է խոսքը, ինչ ժամանակահատվածում եւ ինչ ուղղություններով: Արդյոք դրանք լինելու են ուղղակի ներդրումներ, վարկային միջոցների տրամադրում, որը հետո կոնվերտացիա է լինելու մեր ընկերությունների կողմից որոշակի աշխատանքի: Հիմա զերծ կմնամ որոշակի մեկնաբանություններ անելուց, որովհետեւ այս պահի դրությամբ տեղեկատվության պակաս ունենք, եւ ամբողջական պատկերն ունենալու դեպքում կտեղեկացնենք մեր դիրքորոշման մասին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728