Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նոր խորհրդական ունի։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից, նա հունվարի 26-ին խորհրդական է նշանակել Լևոն Հակոբյանին։
35-ամյա խորհրդականն անկուսակցական է, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն է ավարտել։ Կենսագրությունից ակնհայտ է, որ երբևէ պետական համակարգում չի աշխատել, առաջին անգամն է, որ պետական պաշտոն է զբաղեցնում, մի քանի ՍՊԸ-ների հիմնադիր տնօրեն է։
Նրա կենսագրականի աշխատանքային գործունեություն բաժնում գրված է․
«2018-2019թթ․ – «Բարս Սիքյուրիթի» ՍՊԸ հիմնադիր տնօրեն
Կարդացեք նաև
2021-2023թթ․- «Բարս Սիքյուրիթի» ՍՊԸ տնօրեն
2019-2026թթ․- «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ փոխտնօրեն
2024-2025թթ․- «Գլոբալ Ֆայնենս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն
26․01․2026թ․- Շիրակի մարզպետի խորհրդական»։
Aravot.am-ի տեղեկություններով, նա Գյումրու ավագանու նախկին անդամ Վարդևան Հակոբյանի որդին է։ Վարդևան Հակոբյանը Գյումրու ավագանու անդամ եղել է նաև Դավիթ Առուշանյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ եղած ժամանակահատվածում։ Նա «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ հիմնադիրն է։
Հիշեցնենք, որ մարզպետի խորհրդական Գոռ Սարոյանը հայտնվել էր մի աղմկոտ պատմության մեջ․ հոկտեմբերի 29-ին Համլետ Խուրշուդյանի ու իր սանիկի՝ Արտյոմ Հովհաննիսյանի հետ միասին, որն աշխատում էր քրեական ոստիկանությունում, ոչ սթափ վիճակում այցելել էր ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հերթապահ մասի տարածք ու վիճաբանության մեջ ներքաշել պարեկային ծառայողին։ Այնուհետ Գոռ Սարոյանն ու իր սանիկ Արտյոմ Հովհաննիսյանը հարվածներ էին հասցրել պարեկային ծառայողի մարմնի տարբեր մասերին։
Այս միջադեպից հետո՝ նոյեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով։
Գործն ուղարկվել է դատարան, ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, «Գոռ Սարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 00․38-ի սահմաններում, իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, գնացել է Շիրակի մարզի գումարտակի հերթապահ մաս։
Այնուհետ, կարճ ժամանակ անց, նույն վայր է ժամանել նաև Արտյոմ Հովհաննիսյանը՝ ոչ սթափ վիճակում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության ծառայողական «Վազ-21-21 Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որտեղ վերջինս առանց որևէ իրավաչափ նպատակի ու չգտնվելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, սեփական անձի առավելությունները ընդգծելու մոլուցքով տարված, ձայնային ազդանշան է տվել և պահանջել է բացել հատուկ պահպանվող տարածքի դարպասները։
Հերթապահությունն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողներից մերժում ստանալուց հետո, իջել է ավտոմեքենայից, դրսևորել է անհարկի ագրեսիվ պահվածք և իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ինչպես նաև հիշատակելով Գոռ Սարոյանի կողմից վարած ավտոմեքենան պահպանվող տարածք տեղափոխելու հանգամանքը, ձեռքերով քաշել է պարեկային ծառայության աշխատակցի հագուստից, որը բաց է թողել միայն գումարտակի պատասխանատու հերթապահ, ծառայության տեսուչի միջամտության արդյունքում։
Այս ընթացքում Արտյոմ Հովհաննիսյանին պարզաբանվել է, որ Գոռ Սարոյանի կողմից վարած «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից չի բերվել հատուկ պահպանվող տարածք, այլ վերջինս է իր կամքով ժամանել նշված վայր։
Այնուհետ Արտյոմ Հովհաննիսյանը ցանկացել է հեռանալ նշված վայրից, միաժամանակ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, ճանաչելով Գոռ Սարոյանին, և նկատելով, որ վերջինս գտնվում է հարբած վիճակում, նրան առաջարկել են սպասել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հերթապահ մասի համար հատկացված մասնաշենքում։
Դրանից հետո Գոռ Սարոյանը, գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության համար հատկացված մասնաշենքում, առանց որևէ պատճառի, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով ու համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ծառայության մեջ գտնվող Գոռ Սարոյանը և հանցակից Արտյոմ Հովհաննիսյանը պաշտոնատար անձ հանդիսացող «ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային գումարտակի պարեկային ծառայության աշխատակցին ստորացնելու նպատակով, ինչպես նաև վերջինիս օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ, այն է՝ բռունցքներով հարվածներ են հասցրել պաշտոնատար անձ հանդիսացող ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային գումարտակի պարեկային ծառայության աշխատակցի դեմքի և մարմնի տարբեր հատվածներին՝ նրան պատճառելով ֆիզիկական ցավ»։
Սա առաջին աղմկոտ միջադեպը չէր Գոռ Սարոյանի մասնակցությամբ․ 2017 թվականին, երբ նա աշխատում էր ոստիկանական համակարգում, այդ ժամանակ էլ ոչ սթափ վիճակում ցանկացել էր ֆայտոն նստել, վիճաբանություն էր սկսել գյումրեցի հայտնի ֆայտոնչի Գրիշի թոռի՝ դարբին Սամվելի հետ, այնուհետ սկսել էր ծեծել նրան։ Այս դեպքից ժամեր անց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան հեռացրել էր համակարգից։
Դավիթ Առուշանյանը միջադեպից երկու ամիս անց ստիպված էր եղել պաշտոնազրկել խորհրդականին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































