«Այն, ինչ ընթերցեց առաջին դատախազը, իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է։ Ես որևէ հանցավոր միտում չեմ ունեցել․ այդ հողամասերը վաճառվել են միայն ու միայն մեկ նպատակով՝ ավարտին հասցնելու ՊՆ-ի վարչական համալիրը։ Ես կարծում եմ՝ ոչ քննիչներին, ոչ դատախազներին չի հետաքրքրել, թե ՊՆ-ն որտե՞ղ է տեղակայված, արդյոք այդ պայմանները արդյունավետ են, անվտանգ են»,– իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ եթե վերջիններս իրենց նեղություն տային և այդ ուղղությամբ մի փոքր ուսումնասիրություն կատարեին, կհասկանային դրդապատճառները։
«Ես, որտեղ եղել եմ, որտեղ ծառայել եմ այս երկրում, մշտապես աշխատել եմ առավելագույնն անել՝ աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ, և այդպես էլ վարվել եմ ՊՆ-ում»,– ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ունենար որևէ անձնական միտում կամ խմբակային հանցավոր շահեր, ինչպես դատախազներն են ներկայացնում, ամբողջը կվաճառեր։
«Բա ինչո՞ւ չենք վաճառել մեզ հատկացված հողամասից։ Եթե չեմ սխալվում, մինչև այսօր էլ կա, ինչո՞ւ չէինք վաճառում։ Բա եթե շուկայական արժեքներն այդպիսին էին, որպես դատախազություն դուք հազարավոր գործեր պետք է հարուցեիք այդ գնով վաճառված պետական հողամասերի մասով։ Որովհետև մենք վարվել ենք շատ պարզ․ ով ցանկացել է, փորձել ենք մոտարկել շուկայական արժեքին։ Իսկ՝ այս մեկինն է դարձել, այն մեկինն է դարձել․․․ ինչ ասեմ․․․ լավ մոտեցում չի»,– ասաց Սերժ Սարգսյանը՝ տարակուսանք հայտնելով առ այն, որ այս գործի սկզբնական փուլից սկսած դատախազությունը փորձում է այդ տարածքները վերագրել Եռաբլուրին, դատախազն էլ իր ելույթում համանման տերմին է օգտագործում, մինչդեռ այդ տարածքները Եռաբլուրին հարակից չեն և հասցե ունեն՝ Իսակովի պողոտա։
Ի՞նչ վերաբերում է «դարի կաշառքի»՝ Սիլվա Համբարձումյանի գործով մեղադրանքին, Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը Սիլվա Համբարձումյանին երբեք չի տեսել, նրա հետ երրորդ անձի միջոցով էլ չի հարաբերվել։ Նա կարծում է, որ 2007–2008 թվականների Հայաստանի քաղաքական իրականությանը ծանոթ մեկը, եթե լսեր դատախազի ասածը, որ Վարդան Օսկանյանն իր հետ իբր պայմանավորվել է, ծիծաղից կուշաթափվեր։
Կարդացեք նաև
«Ո՞նց եք պատկերացնում, մեկը գալիս է և Սիլվային ասում՝ ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, իր միլիոնները տվեք ինձ»,– ասաց նախագահ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ի դեպ, Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հաշվել է, որ այս գործով գույքային հայցը ներկայացնելիս հանրային մեղադրող Հովակինյանը 54 անգամ օգտագործել է «հանցավոր» բառը՝ տարբեր հոլովումներով, և այն վերագրել է Սերժ Սարգսյանին, մինչդեռ ՀՀ ՔՕ-ն սահմանում է, որ արդարացված մեղադրյալից նա պարտավոր է նույնքան անգամ ներողություն խնդրել։ Ինքը սա հիշելու է և հանրային մեղադրողի դեմ հայց է ներկայացնելու՝ Սերժ Սարգսյանից 54 անգամ հրապարակային ներողություն խնդրելու։ Ամրամ Մակինյանի բնութագրմամբ՝ գործը խարսխված է փորձագետի եզրակացությունների վրա, ինչին հանրային մեղադրողն անընդհատ հղումներ է անում։
Իսկ Սիլվա Համբարձումյանի գործին, ասաց, հումորով են վերաբերվել, չեն պատկերացրել, որ այն կհասնի դատարան։ Բայց քանի որ գործը հասել է դատարան, Ամրամ Մակինյանը պահանջելու է, որ հանրային մեղադրողը 54+1 անգամ հրապարակային ներողություն խնդրի Սերժ Սարգսյանից։
Հանրային մեղադրողը հակադարձեց՝ Ամրամ Մակինյանին հորդորելով այդքան երկար չսպասել, քանի որ ներողություն խնդրելու կարիք չի լինելու։ Ի պատասխան՝ Ամրամ Մակինյանը հեգնանքով առաջարկեց որևէ դեպքում չհրաժարվել գործից, թոշակի չգնալ, մնալ և մինչև վերջ պաշտպանել մեղադրանքը։
Գործով մեղադրյալներից ոչ մեկը չի ընդունում մեղադրանքը, այն համարում են քաղաքական պատվեր, զավեշտ, անհիմն։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, երկու գործ էր քննվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող «Տոյոտա» ավտոսրահին պատկանող հողատարածքների գործը։
Այս գործով երրորդ նախագահին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար էժան գնով է վաճառել։ Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքը իրականության հետ կապ չունի՝ քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։
Մյուս գործը գործարար Սիլվա Համբարձումյանի՝ «դարի կաշառքների» գործն է, որով անցնում են բազմաթիվ պետական պաշտոնյաներ։ Այս գործով վաղեմության ժամկետը լրացել է դեռ երկու տարի առաջ։ Դատավորը միավորեց գործերը։
Հանրային մեղադրողը, հիշեցնենք, գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի դեմ գույքային հայց էր ներկայացրել։
Ընդհանուր առմամբ դատախազությունը հօգուտ պետբյուջեի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից իբրև փոխհատուցում պահանջում է 3 միլիարդ 337 միլիոն 557 հազար 657 դրամ, Սերժ Սարգսյանից և Վալերի Գրիգորյանից՝ 76 միլիոն 852 հազար դրամ, Սերժ Սարգսյանից և Ալեքսան Ալեքսանյանից՝ 526 միլիոն 520 հազար դրամ։ Դատարանը նրանց ճանաչեց գույքային պատասխանող։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































