Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր

Փետրվար 03,2026 20:40

Փետրվարի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին։

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Հանձնակատարին Հայաստան կատարած այցի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ բարձր մակարդակի համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են կանանց իրավունքների պաշտպանությանը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացին, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ատելության խոսքի և կրոնական ազատությունների հետ կապված խնդիրներին, «Հավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին, իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին և այլն։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը՝ որպես կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման կարևոր քայլ։

Պաշտպանն ընդգծել է կրթական բարեփոխումների կարևորությունը՝ բռնությունն ու անհավասարությունը վերարտադրող կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից, անդրադարձել է նաև տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ ՄԻՊ աշխատակազմի իրականացրած աշխատանքները:

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև «Հավասարության և խտրականությունից պաշտպանության ապահովման մասին» օրենքի նախագծի ընդունումը, ըստ որի՝ հավասարության և խտրականությունից պաշտպանության ապահովման համար պատասխանատու մարմնի գործառույթները պետք է վերապահվեն Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են պատասխանատու մարմնին պատշաճ ռեսուրսների տրամադրման անհրաժեշտությունը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728