Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին այսօրվա նախնական դատական նիստում պաշտպանական կողմը պետք է շարունակեր հարցեր ներկայացնել դատախազության ֆինանսական գծով ներկայացուցչին։ Սակայն քանի որ հայցվորի ներկայացուցիչը փոխվել է և հունվարի վերջին նոր ներկայացուցիչ է ներգրավվել, հայցվոր կողմը միջնորդեց նիստը մեկ ամսով հետաձգել, որպեսզի հասցնի նյութերին ծանոթանալ։
«Մեր դիրքորոշումն այն է, որ նախ այդ մեկ ամիսը բավականին շատ է, որովհետև նույն օրենսդիրը նախատեսում է դատախազության կողմից երեք տարվա ընթացքում կազմված նյութերը ուսումնասիրել, ապացույցներ ձեռք բերել կամ առարկել մեկամսյա ժամկետում։ Իսկ հիմա, երբ այդ ամենը կա, ամեն ինչը պատրաստ է, նյութերը կան, դատախազությունը մեկ ամիս ուզում է, որպեսզի միայն նյութերին ծանոթանա, ինչն արդարացված չէ։
Երկրորդ, դեկտեմբերի սկզբներին կայացած դատական նիստում դատախազության նախորդ ներկայացուցչին, որը գիտեր, որ փոխարինվելու է, մենք հարց տվեցինք՝ այնպես կազմակերպել, որպեսզի հաջորդ նիստը չհետաձգվի, և ստացանք դրական պատասխան։ Մինչդեռ, այս նիստը, որը չպետք է հետաձգվեր, դատախազության նոր ներկայացուցչի միջնորդությամբ հետաձգվեց։
Կարդացեք նաև
Այսինքն՝ աշխատանքի կազմակերպման խնդիր կա։ Դատախազությունը բավականին շուտ գիտեր, որ իր ներկայացուցիչը փոխվելու է, սակայն որևէ միջոց չէր ձեռնարկել, որպեսզի փոխարինումը կատարվեր սահուն և չհանգեցներ դատական նիստերի հետաձգման։ Այդ մասին այսօր նշեց նաև Դավիթ Հարությունյանը, որովհետև իր գույքը արգելանքի տակ է և ցանկացած օր, որքան երկար է տևում այս դատավարությունը, ինքը ֆինանսական կորուստներ է կրում։
Եթե այսօր դատախազության ֆինանսական հարցերով ներկայացուցիչը ներկա գտնվեր, մենք կարող էինք մեր հարցերը շարունակել։ Այն հարցերը, որոնք մենք բարձրացնում ենք, ֆինանսիստը պետք է պատասխաներ։ Պատկերացրեք, դեռևս նախորդ տարվա նոյեմբերից մենք մեր հարցերը սկսել ենք, բայց կարողացել ենք մեկ կամ երկու հարց առաջ գնալ։ Ֆինանսիստը ամեն անգամ ասում էր՝ եկեք նիստը հետաձգենք, գնամ՝ պատրաստվեմ, գամ՝ ձեր հարցերին պատասխանեմ։ Այսօր այդ պատրաստված ֆինանսիստը պիտի գար։ Բայց չէր եկել, երևի այն հույսով, որ նոր դատախազն ասելու է՝ նիստը հետաձգենք, դատարանն էլ հետաձգելու է»,- Aravot.am-ին նիստի ավարտից հետո ասաց Դավիթ Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































