Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանի ենթակայությամբ աշխատող փոխթաղապետը ենթադրյալ շահերի բախման տիրույթում է գործում. «Ժողովուրդ»

Փետրվար 04,2026 10:25 Share

Պետական մրցույթներում հաղթող կամ մեծամասամբ մեկ անձից գնումների միջոցով միջոցառումներ կազմակերպող մի քանի «խոշոր խաղացողներից» է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Ընկերությունը հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը:

Տեր-Գալստյանը 2012-2017 թվականներին եղել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ Վազգեն Պողոսյանը եղել է Հանրայինի՝ գործադիր պրոդյուսերը։

«Հետք»-ը գրել էր, որ ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 1,5 միլիարդ դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն միայն 2025 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է գրեթե 780 մլն դրամ արժեքով պայմանագրեր, ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ՝ 122 մլն 735 հազար դրամի եւ բոլորը մեկ անձից գնումների եղանակով՝ առանց մրցույթի:

Մինչդեռ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը՝ 1 մլն դրամը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս ընկերությանը քաղաքապետարանի ներսից «աջակցող» և «սատարող» անձը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արթուր Ջուլհակյանն է։

Հետաքննության շրջանակում, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Էմմա Միքայելյանը, միջոցառումների կազմակերպման պատրվակով, չներկայանալով որպես լրագրող, զանգահարել է Արթուր Ջուլհակյանին, ով էլ չի հերքել իր մասնակցությունը «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված միջոցառումներում (Ձայնագրությունները պահպանված են)։

«Հա, ճիշտ եք զանգել միջոցառումների հետ կապված, մենք զբաղվում ենք դրանով, ֆիռման ա մեր զբաղվում։ Ասեք, ինչով կարող ենք օգնել»,- նշեց նա՝ առաջարկելով կապվել ոմն Մարիաննայի հետ՝ գուցե նակտի ունենալով Մարիաննա Ասլանյանին։

2-րդ զանգի ընթացքում Ջուլհակյանը նշեց, որ «էն ժամանակ է աշխատել» այն էլ outsource։ Սա նշանակում է, որ ընկերությունը իր որոշ գործեր հանձնել է Ջուլհակյանին, ո՛չ թե ներքին ուժերով կատարել։

Հետաքրքիրն այն է, որ Արթուր Ջուլհակյանը իր կենսագրականում, որը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, մեկ տող անգամ չի հիշատակել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ում իր աշխատանքի մասին։ Սակայն նշել է, որ մի շարք միջոցառումներ է ղեկավարել 2018-2024 թվականներին։ Մինչ այդ Ջուլհակյանը 2012 թվականից մինչև 2018 թվականը, համաձայն կենսագրության, սովորելուց հետո ոչնչով չի զբաղվել։

Տեղեկացնենք, որ Կենտրոնի փոխթաղապետը նշանակվել է 2024 թվականի մայիսի 8-ին և ներկայացրել է պաշտոնեկան պարտականությունները ստանձնելու մասին հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի՝ վերջինս 12 մլն 328 հազար դրամի չափով «մի քանի կազմակերպություններ»-ից «այլ եկամուտներ» է ստացել, այնինչ այդ մի քանի կազմակերպությունը, ըստ օրենքի, հատիկ առ հատիկ լրացնել էր պետք։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը զրույցի ընթացքում պարզեց, որ Արթուր Ջուլհակյանը, թեև այժմ իրավաբանորեն կապ չունի ընկերության հետ, այնուամենայնիվ, շարունակում է զբաղվել նրանց գործերով, աջակցել որոշ շրջանակի միջոցառումների հետ կապված հարցերով։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում ասաց, որ հունվարի 26-ին Ֆինանսների նախարորությունը Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և այդ ժամանակ դա արդեն կլինի շահերի բախում և բնականաբար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից քննության առարկա, ներկա օրենսդրությամբ, դժբախտաբար, դա այդպես չի։

«Ես վստահ եմ, որ այդ ընկերությունը, որևէ կերպ ցույց չի տա, որ փոխթաղապետը կապված է նրանց հետ։ Պարզապես բավականաչափ անզգույշ է գտնվել իր խոսքերում՝ կարծելով, որ իսկապես գործ ունի որևէ ընկերության հետ։ Բնականաբար կոռուպցիոն ռիսկը շատ մեծ է այստեղ, որովհետև այդ դեպքում փոխթաղապետը ինչ-որ կերպ կապակցված է»,- բացատրեց Հոկտանյանը։

Այսպիսով, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ենթակայությամբ աշխատող փոխթաղապետը ենթադրյալ շահերի բախման տիրույթում է գործում: Նա և՛ փոխթաղապետ է աշխատում, և՛ «Ֆակտորի»-ի գործերն է առաջ տանում՝ հայտարարագրում թաքցնելով իրական տվյալները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728