«Մի կարևոր խնդրի մասին եմ ուզում խոսել՝ առողջապահական պարտադիր ապահովագրական վճարների կրկնակի գանձման մասին։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատում են նաև համատեղությամբ` երկու տարբեր բազաներ ունեն այդպիսի վճարներն անելու համար, նրանցից կրկնակի գանձում է տեղի ունենում։ Լուծումը խոսքերով կա, գործնականում չկա»,-ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հարձնաժողովի նիստի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորի փաստմամբ՝ քաղաքացիների համար որքանով կարևոր են հարկերը, ոչ պակաս կարևոր է, որ իր գրպանից պետությունն ավել գումար չտանի՝ թեկուզ խոստանալով, որ հետո կվերադարձնի․ «Վայրկյան առաջ պետք է այս հարցը լուծվի, չպիտի պետությունը երկու անգամ նույն ապահովագրության դիմաց մարդկանց հարկի կամ գումար գանձի։ Իսկ այսօր ես փաստում եմ իմ օրինակով, որ այդ հնարավորությունը չկա։ Ես ամբողջությամբ նայել եմ, պատասխանատուների հետ քննարկել, մի մասը չի էլ պատկերացնում, թե դա ոնց պիտի լինի, տարաբնույթ մեկնաբանություններ կան։ Մի գանձեք կրկնակի, ոչ էլ խոստացեք, որ հետո հետ կվերադարձնեք անորոշ հեռանկարով։ Դուք էլ չեք պատկերացնում՝ ոնց եք անելու։ Սա շատ վտանգավոր է․ այս համակարգի նկատմամբ մարդկանց մոտ չառաջանան բացասական միտումներ»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն արձագանքեց․ «Ամբողջ համակարգը ներդրվել է քաղաքացու շահը պաշտպանելու համար, այն է՝ առողջության, բուժօգնության և սպասարկման ծառայությունների հասանելիություն ապահովելու համար։ Եթե կան որոշ տեխնիկական հարցեր, արագ պիտի լուծվեն։ Դա տեխնիկական հարց է, նույնը եղել է վճարների հետ կապված»։
ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը պարզաբանեց․ «Հարցն ավելի շատ առողջապահության նախարարության դաշտում է։ Տեղյակ եմ, օրենքը կարգավորում է, որ հետվերադարձ կատարվի։ Այս պահին չի գործում։ Առաջիկա օրերին համապատասխան որոշումներ կկայացվեն, և մեկ անգամ դիմումով հետվերադարձ կլինի։ Երբ առաջին անգամ դիմեն, հաշվեհամար կպահանջեն, հետագա ամիսներին, եթե կրկնակի գանձումներ լինեն, ավտոմատ այդ հաշվեհամարին վերադարձ կլինի։ Առաջիկա օրերին հիմնադրամը վերադարձ կկատարի»։
Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ նկատեց․ «Տարօրինակ կլիներ, որ նման մեծ բարեփոխման դեպքում ճշգրտումների կարիք չլիներ։ Մենք ինքներս էլ ամբողջ օրը առողջապահության նախարարության հետ հարցուպատասխանի մեջ ենք։ Խնդրում եմ, որ համապատասխան կառույցների թեժ գծերը լավ աշխատեն»։
Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հեղինակած՝ «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց հանձնաժողովի կողմից։ Այն ընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում։ Պատգամավորը նշեց, թե ինչ փոփոխություններ են ներկայացնում հարկային օրենսգրքում․ «Բժշկական օգնություն և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և ԱՁ-ների համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա։ Իսկ եթե վճարումն իրականացվել է վճարային տերմինալների կամ քարտերի միջոցով, այս դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր, և պետք է էլեկտրոնային կտրոն ստանա քաղաքացին, որը նա կստանա ԱՐՄԵԴ համակարգում իր անհատական հաշվի միջոցով»։
Նախագծով սահմանվում է, որ այսուհետ բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս անձանց տրվելու է էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





















































