«Մարդիկ գալիս են տուրիստական վիզաներով, բայց մնում աշխատում են»,- խորհրդարանում, պատասխանելով Հայաստանում աշխատանքային միգրանտների մասին հարցին, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արսեն Թորոսյանը։ Հարցը վերաբերում էր հնդիկ միգրանտներին, բայց Արսեն Թորոսյանն ասաց՝ դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի աշխարհագրությունն ավելի մեծ է։
ՔՊ-ական պատգամավորները ՔՊ-ական նախարարին հրավիրել էին խորհրդարան՝ աշխատանքային քննարկման։
Արսեն Թորոսյանն աշխատանքային միգրանտների թվեր չուներ՝ երկու պատճառով․ նախ, այդ հաշվառումն իր ղեկավարած գերատեսչությունը չի իրականացնում, ապա՝ ճշգրիտ փաստերի բացակայության պարագայում հնարավոր չէ նման հաշվառում իրականացնել։
ՀՀ օրենսդրությունը վարչական տուգանք է նախատեսում զբոսաշրջային վիզաներով Հայաստան ժամանող, բայց աշխատանքի նպատակով մնացողների համար, որը այդ մարդիկ վճարում են մեկնելիս կամ երբ հայտնաբերվում են։ Ինչեւէ, Արսեն Թորոսյանն ասաց՝ ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի հետ աշխատում են՝ մեխանիզմներ գտնեն, որ ամեն ինչ ավելի հստակ լինի։
Կարդացեք նաև
Հարց տրվեց նաեւ 8- ժամյա աշխատաժամանակի կրճատման նախագծի մասին։
«Այս պահին փոփոխություններ չունենք։ Քանի որ շատ ենք խոսում աշխատելու եւ աշխատանքով հարցեր լուծելու մասին, կարծում եմ, պետք է կենտրոնանաք աշխատելու վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ թեեւ ՀՆԱ-ի կրկնակի աճ ունենք ՔՊ-ի իշխանության օրոք, բայց դեռ շատ պետք է աշխատենք, որպեսզի հասնենք Արեւելյան Եվրոպայի, Արեւմտյան Եվրոպայի երկրների բարեկեցությանը, աշխատանքի արտադրողականության այնպիսի աճին, որը թույլ կտա մտածել չաշխատելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































