««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է դրանց կիրառման ընթացքում արձանագրված խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում:
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի՝ ներկայում հարկային եւ մաքսային ծառայության պաշտոն կարող են զբաղեցնել հարկային եւ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, հարկային եւ մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից հավաստագիր ստացած եւ հարկային, մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք կամ վերապատրաստում անցած ծառայողները:
Նախաձեռնությամբ առաջարկվում է հարկային եւ մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնողների մասով նշանակման պայմաններից հանել վերապատրաստում անցած լինելու վերաբերյալ պայմանը: Զեկուցողի խոսքով այն հավասարություն կապահովի ինչպես գործող աշխատակիցների, այնպես էլ նոր դիմողների համար: Համլետ Սահակյանը նշել է, որ երկուսն էլ պարտավոր կլինեն ստանալու հավաստագիր եւ համապատասխան պաշտոնի կնշանակվեն միատեսակ կանոններով:
Կարդացեք նաև
Որպես պաշտոնի նշանակման առանձին պայման՝ նախատեսվել է, որ գործառութային առանձնահատկություններով պայմանավորված՝ հարկային, մաքսային ծառայողները առաջխաղացման իրավունք կունենան կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով: «Հարկային մարմնում տարեկան երկու անգամ իրականացվում է կատարողականի գնահատում եւ եթե պարբերաբար ապահովվում է բարձր ցուցանիշ, դա հիմք է հետագա առաջխաղացման համար»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը:
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը սահմանող դրույթը:
Նախատեսվում է նաեւ ըստ խմբերի սահմանել հարկային եւ մաքսային ծառայությունների պաշտոնները:
Առաջարկվող նոր դրույթի համաձայն՝ հավաստագիր չունենալու հիմքով զբաղեցրած պաշտոնից չեն կարող ազատվել հղի եւ մինչեւ 3 տարեկան երեխա խնամող ծնողները, ժամանակավոր պաշտոն զբաղեցնողները:
Կատարվել են նաեւ այլ փոփոխություններ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ կարեւոր է, որ պետական համակարգում աշխատեն սահմանված բոլոր չափանիշներին համապատասխանող կադրեր: Պատգամավորը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության առաջարկը, այն է` հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի վերաբերյալ առնվազն նվազագույն կարգավորումները պետք է սահմանվեն օրենքում, որպեսզի ապահովվի գնահատման օբյեկտիվությունն ու գործընթացի թափանցիկությունը:
Ի պատասխան՝ Համլետ Սահակյանը բացառել է գործընթացի նկատմամբ սուբյեկտիվ մոտեցումը: Նա նշել է, որ գործելու են համապատասխան ընթացակարգեր ու գնահատման հստակ չափորոշիչներ: Զեկուցողն ընդունել է Բաբկեն Թունյանի՝ առաջինից երկրորդ ընթերցում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկը:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ



















































