Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ. Ազգային պատկերասրահը գրանցել է անկախության շրջանի ամենամեծ թվով այցելությունները. Մարինա Հակոբյան

Փետրվար 04,2026 17:00 Share

Հայաստանի ազգային պատկերասրահն անցյալ տարվա ապրիլի 15-ին՝ Արշիլ Գորկու ծննդյան օրը, պաշտոնապես վերաբացվել էր բոլորովին նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով ու հնարավորություններով: Վերանորոգումը սկսվել էր 2021թ: Թանգարանի ամբողջական վերաբացումից հետո՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն այսօր առաջին անգամ հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով՝ նշելով, որ դա ոչ թե ասուլիս է, այլ յուրօրինակ հաշվետվություն: Նշեց, որ նախապատրաստական փուլում գրեթե մեկ շաբաթ աշխատակիցներով անգամ գիշերել են թանգարանում: «Սա միանձնյա աշխատանք չէր, դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրաշք թիմին: Սա պաշտոնական հաշվետվություն չէ, այլ պատմություն է այն մասին, թե ինչպես Ազգային պատկերասրահը վերափոխվեց, ընդլայնեց իր լսարանն ու ցուցադրատարածքները, ձեւավորեց նոր մտածողություն, նոր երկխոսություն այցելուի հետ»,-ասաց Մարինա Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի ազգային պատկերասրահը հայկական հավաքածուով ամենամեծ թանգարանն է աշխարհում, համաշխարհային կերպարվեստի հավաքածուի ընդգրկունությամբ ու լայնածավալությամբ՝ միակը տարածաշրջանում:

Մարինա Հակոբյանը տեսասահիկի միջոցով ներկայացրեց այն աշխատանքը, որ արվել է 5 տարիների ընթացքում: Նշեց, որ 2020-2025 թվականներն առանձնանում են որպես գործունեության ուղղությունների ընդլայնման և ցուցանիշների աննախադեպ աճի շրջան, այդ տարիներին պատկերասրահը պետական միջոցներով, ինչպես նաեւ սեփական եկամուտներով ու մասնավորի որոշակի ներգրավմամբ ոչ միայն վերանորոգել ու արդիականացրել է գլխավոր մասնաշենքն ու 6 մասնաճյուղերը, այլեւ վերակազմավորվել-վերաիմաստավորվել է որպես ժամանակակից, բաց եւ միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային հարթակ՝ հավատարիմ մնալով իր հիմնական առաքելությանը։

Իրականացվել է ավելի քան 300 ցուցահանդես `Հայաստանում եւ արտերկրում. «Նվիրատուներ եւ նվիրատվություններ», «Վերականգնված ցուցանմուշի պատմություն», «Մեր սարերը», «Հեռապատումներ», ինչպես նաև ժամանակակից արվեստի բացահայտմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրեր։ Միայն 2025 թ․ Ազգային պատկերասրահը կազմակերպել է շուրջ 90 ցուցահանդես, գրանցելով՝ 77% աճ 2019-ի համեմատ։ Մարինա Հակոբյանը փաստեց, որ ժամանակավոր ցուցադրություններն առանձնացել են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ (պրոյեկցիաներ, VR միջավայրերի ձևավորում, էկրանների կիրառում և այլն): Նաեւ հիմնադրվել է գեղարվեստական լուսանկարչության բաժինը՝ ընդլայնելով պատկերասրահի գիտական և ցուցադրական հորիզոնները։

Նա մանրամասնեց, որ ազգային պատկերասրահի գլխավոր մասնաշենքի 8 հարկում իրականացվել են լայնածավալ վերանորոգման եւ արդիականացման, ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ, տեղադրվել է 5 նոր վերելակ, լուսային, տեսահսկման նոր համակարգեր, ջերմախոնավային համակարգ, բարելավվել են այցելուների սպասարկման և նմուշների ցուցադրման, պահպանման, անվտանգության պայմանները։ Միաժամանակ վերանորոգվել և արդիականացվել է Երևանում եւ 5 մարզում գտնվող պատկերասրահի 6 մասնաճյուղ:

Տնօրենի ձեւակերպմամբ, 2025 թ․ ապրիլի 15-ին 4 տարի տեւած վերանորոգման և արդիականացման աշխատանքներից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի գլխավոր մասնաշենքը բացել է իր դռները՝ ներկայանալով այցելուին նոր մշտական ցուցադրությամբ: Վերափոխված հայեցակարգի առանցքային նպատակներից է ներկայացնել հայկական կերպարվեստը որպես համաշխարհային արվեստային գործընթացների լիիրավ եւ կարևոր մաս։ Ֆոնդապահոցներից հանվել եւ մշտական ցուցադրությունում են ընդգրկվել 400-ից ավելի նոր ցուցանմուշներ, որոնց զգալի մասը ներկայացվել է առաջին անգամ (ներառյալ դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ պատկերասրահի «Ոսկե ֆոնդից»)։

«Այսօր այցելուն հնարավորություն ունի տեսնելու հայկական կերպարվեստի հսկաներ Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների հրաշալի ստեղծագործությունները: Ցուցադրված են նաև իտալական վերածննդի ու բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Ստրոցցիի, Գվերչինոյի և բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսսոյի, Դիազ դե լա Պենյայի, ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Կանդինսկու, Շագալի, Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական, քանդակային գլուխգործոցները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք), որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ»,- հայտնեց պատկերասրահի տնօրենը։

Ի թիվս այլնի՝ հավելեց, որ Ազգային պատկերասրահն իրականացրել է մի շարք միջազգային կարեւոր գիտահետազոտական ցուցահանդեսային ծրագրեր, գիտաժողովներ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի և այլ մի շարք մշակութային հեղինակավոր կառույցների հետ, հրատարակել մի քանի տասնյակ հայերեն և օտարալեզու ալբոմներ ու կատալոգներ, տպագրել գիտական հոդվածներ, կազմակերպել միջազգային գիտաժողովներ, սկիզբ է դրվել թանգարանի գիտական տարեկան գործունեությունն արտացոլող Տարեգրքի, ինչպես նաև ցուցահանդեսների կատալոգների շարքի հրատարակմանը։

Նրա խոսքով, 2020–2025 թթ․ արվեստանոցի առաջատար մասնագետները վերականգնել եւ ամրակայել են շուրջ 2000 թանգարանային առարկա, միայն 2025 թվականին վերականգնման տարեկան ցուցանիշը հասել է շուրջ 800-ի՝ գրանցելով 681%-անոց աճ՝ 2019 թվականի համեմատ, ամբողջությամբ մաքրվել, ցուցադրությանն է նախապատրաստվել շուրջ 1500 թանգարանային առարկա։

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ավելի քան 1600 կրթական ծրագրերին, նշվեց, որ ստեղծվել են մի շարք ներառական ծրագրեր («Խոսող կտավներ», «Շոշափելի ճարտարապետություն» ևն), ինչպես նաև հատուկ կրթամշակութային ծրագրեր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար՝ դարձնելով Պատկերասրահը բաց ու հասանելի թիրախային տարբեր խմբերի համար։

Տնօրենը փաստեց, որ 2025 թ. Ազգային պատկերասրահը գրանցել է անկախության շրջանի ամենամեծ թվով այցելությունները՝ 131,6 %-ով գերազանցելով 2019 թ․ ցուցանիշները, այդպես, 2019 թ-ին մինչեւ վերանորոգումը, թանգարանն ընդունել է շուրջ 45․000 այցելու, իսկ 2025 թ․՝ շուրջ 2,5 անգամ ավելի։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728