Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է սահմանային անցման կետերից 20 կմ հեռավորության վրա նախատեսել վճարովի կայանատեղիներ, որի շրջանակում կգործի հերթերի կառավարման ավտոմատ համակարգ

Փետրվար 04,2026 17:32 Share

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացմամբ առաջարկվում է լուծել սահմանային անցման կետերում կուտակումների խնդիրը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում:

Նախագծով Կառավարությունն առաջարկում է ներդնել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատարների կառավարման համակարգ:

Զեկուցողի խոսքով` հերթերի կառավարման համակարգ ներդնելու մասով ուսումնասիրվել է Եվրամիության եւ Վրաստանի փորձը: Նաեւ հարցում է իրականացվել բեռնափոխադրմամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում, որին մասնակցել է 45 սուբյեկտ: «Հարցվածների շուրջ 87 տոկոսը պատասխանել է, որ հաճախ են հանդիպում հերթերի ցամաքային անցման կետերում, իսկ շուրջ 62 տոկոսը նշել է՝ հերթի սկզբից մինչեւ մաքսային կետ մուտք գործելու տեւողությունը միջինում կազմում է 3 ժամ»,- տեղեկացրել է Համլետ Սահակյանը՝ հավելելով, որ հարցվածների 73 տոկոսն էլ ընդգծել է, որ ցամաքային անցման կետերի մոտակայքում առկա է բեռնատար տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղիի անհրաժեշտություն:

Նշված խնդիրը կարգավորելու նպատակով առաջարկվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կմ հեռավորության վրա նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակում կգործի հերթերի կառավարման ավտոմատ էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակով:

Նախատեսվում է, որ Կառավարության կողմից կսահմանվեն հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներին ներկայացվող պահանջները, ՀՀ-ից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը, հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով ներկայացվող դիմումի բովանդակությունը եւ այլն:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728