Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ամփոփեց 2025թ․ գործունեության արդյունքները։
2025 թվականի ընթացքում Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողների կողմից իրականացվել է 9-ը նախագիծ, հրապարակվել 63 գիտական աշխատություն։ Աստղադիտարանի գիտաշխատողները մասնակցել են 77 գիտաժողովների, ներկայացրել 76 զեկույց, ունեցել 42 արտասահմանյան գործուղում, 10-ը՝ ներհանրապետական: Կազմակերպվել է 2 ընդհանուր ժողով, 14 գիտական խորհրդի նիստ: Երկու մասնագետ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։
2025թ․ ընթացքում Բյուրականի աստղադիտարանի կողմից և մասնակցությամբ անցկացվել են մի քանի տասնյակ միջոցառումներ՝ գիտաժողովներ, գիտական դպրոցներ, ճամբարներ, սեմինարներ։ Դրանցից են AHME-2 և ASBD-3 միջազգային գիտաժողովները, 17-րդ հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) աստղագիտական կոլոքվիումը, 4-րդ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցը։ Աստղադիտարանի գիտնականները մասնակցել են Եվրոպական և Եվրոպական աստղագիտական ընկերության (EAS) տարեկան համագումարներին։
2025թ․ ընթացքում Բյուրականի աստղադիտարանն ունեցել է 760 հյուր Հայաստանից և արտերկրից։ Արեգ Միքայելյանը նշեց, որ Բյուրականի աստղադիտարանը համագործակցում է 23 երկրի հետ: Նա շեշտեց, որ 2025թ․ հագեցած և արդյունավետ է եղել տեղական և միջազգային տարբեր ծրագրերով ու միջոցառումներով, ինչն ակնկալվում է նաև 2026թ-ին։
Կարդացեք նաև
Արեգ Միքայելյանը նաև ներկայացրեց 2026թ․ իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները, այդ թվում՝ Բյուրականի աստղադիտարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքի 15-ամյակը, Բյուրականի աստղադիտարանի աստղացուցարանի բացումը, Բյուրականի աստղադիտարանի (Հայ աստղագիտության պատմության) թանգարանի բացումը, CAP-2026-ը, «Մեր անկայուն Տիեզերքը» միջազգային գիտաժողովը, SWCA 5-րդ տարածաշրջանային աստղագիտական աշխատաժողովը, Լոնդոնի ճարտարապետական ասոցիացիայի դպրոցը, ICOMOS ամառային դպրոցը, Բյուրականյան փառատոնը (BAO Fest), 18-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը (Աբասթումանի աստղադիտարան) և այլ միջոցառումներ։ 2026թ․ Բյուրականի աստղադիտարանը կնշի հիմնադրման 80-ամյակը։
Ասուլիսի ընթացքում տեղի ունեցավ նաև 2025թ. Գիտական (աստղագիտական) լրագրության ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը։
Մրցանակները հանձնվեցին երեք անվանակարգերում․
Լավագույն հեղինակային հոդված, մրցանակակիրներ` Անի Կարապետյան (168 ժամ) և Հրայր Նազարյան (Արմենպրես)
Լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ, մրցանակակիրներ` Լիլիթ Մադունց (ՄԻՐ Հեռուստառադիոընկերություն) և Սևակ Վարդումյան
2025 թվականի առավել ակտիվ լրագրողի մրցանակ, մրցանակակիր` Հրայր Նազարյան (Արմենպրես)։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին


















































