Վերաքննիչ քրեական դատարանն այսօր, լսելով Միքայել սրբազանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, հեռացավ խորհրդակցական սենյակ։ Խորհրդակցությունից վերադառնալով՝ դատարանը հայտնեց, որ որոշում կայացնելու համար ժամանակ է անհրաժեշտ՝ գրավոր միջնորդությանը, ինչպես նաև Միքայել սրբազանի առողջական վիճակին վերաբերող ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու համար։
Դատարանը տեղեկացրեց, որ միջնորդությանը կանդրադառնա հաջորդ դատական նիստում, որը նշանակվեց փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին։
– Այս գործով շատ մեծ բարդություններ կան, գուցե օբյեկտիվորեն դատարանը որոշ հարցեր քննարկելու անհրաժեշտություն ունի,– նիստից հետո լրագրողներին ասաց Միքայել սրբազանի պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը՝ հույս հայտնելով, որ Վերաքննիչ դատարանը կվերացնի խափանման միջոց կալանքը կամ գոնե կկիրառի բացակայելու արգելք կամ այլ խափանման միջոց։
Կարդացեք նաև
Ըստ Ֆարմանյանի՝ քաղաքական հետապնդման վառ դրսևորում է այն, ինչ տեղի է ունենում Միքայել սրբազանի գործով։ Փաստաբանը նաև հակադարձեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան․
«Սրբուհի Գալյանը իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում, այդպես երկրում ստեղծվում է պատրանքային իրավականության ֆոն։ Երկրում հակաիրավական գործընթացներին թիվ ու հաշիվ չկա։ Ինչի՞ մասին է խոսում Սրբուհի Գալյանը»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































