ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում, պատասխանելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների և ընդդիմադիր գործիչների՝ կալանավայրերում գտնվելու պայմանների և նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին հարցին, որոնք որակվում են որպես խոշտանգում, ասաց․ «Բագրատ Սրբազանը գտնվում է այն խցում, որտեղ բոլշևիկները խեղդամահ են արել Բագրատ Կաթողիկոսին։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում։ Մի կայսր կար, կարծեմ՝ Լուի XI-ը, որն իր բոլոր հակառակորդներին պահում էր բանտախցերում, և ամեն գիշեր մոմը ձեռքին գնում էր, նայում՝ իր հակառակորդներն այդ բանտախցերում գտնվում են, թե չէ։
Ինչ-որ հիվանդագին բան ունի այս մարդը, և այդ հիվանդագին դրսևորումները սրվում են հատկապես այն ժամանակ, երբ ինքն զգում է, որ իր վերջը մոտենում է՝ անփառունակ վերջը, որը հետևանքն է այն վայրագությունների, որ ինքը կատարել է այս 7–8 տարիների ընթացքում։ Եվ դա վերաբերում է ոչ միայն քաղաքական դաշտին։ Բա հոգևոր աշխարհի նկատմամբ իր վայրագությունները, այն ստոր վերաբերմունքը մեր թոշակառուների նկատմամբ…
Համոզված եմ, որ այս բոլոր պատկերները գիշերները իր աչքին գալիս են։ Ինքը զգում է, որ մոտենում է այն կետին, երբ բոլորի համար պետք է պատասխան տա։ Ես չգիտեմ՝ «էն աշխարհում» ինքն ինչպիսի կյանք է ունենալու, բայց էստեղ, էս կյանքում, ինքը օրենքի տառին ու ոգուն համապատասխան պետք է պատասխան տա իր արած բոլոր չարագործությունների համար։ Բոլորի։ Այն հինգ հազար տղաների համար պիտի պատասխան տա, 120 հազար մեր հայրենակիցների համար։ Իր ձեռքով մեր կորսված Արցախի, եկեղեցիների՝ բոլորի համար պատասխան է տալու։ Սա իրեն գցում է ցնցումների մեջ։ Ու սա բնական է։ Չարի վերջը սա է։ Եկել է իրավիճակ, երբ զգում է, որ ինքն այլևս խաբելու հնարավորություն չունի։
Պետության ղեկավարի համար այն անլուրջ կարգավիճակը, որ ինքն այսօր ձեռք է բերել, հետևանք է իր անցած անփառունակ կյանքի»,- ասաց Գագիկ Մինասյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































