Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, ինչպես COVID-ի ժամանակ հեռավար անցկացվեց Եպիսկոպոսաց ժողովը, այս անգամ էլ, որպեսզի ամեն ինչ չտապալվի, չի բացառվում, որ հենց այդպես էլ արվի. «Հրապարակ»

Փետրվար 05,2026 10:31

«Հրապարակ»-ի զրուցակիցը Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու քահանա Տեր Հուսիկ Գրիգորյանն է։

– Պաշտպանության նախարարի հրամանով գնդերեցների խումբը լուծարվեց։ Որոշվեց, որ հոգեւորականներն էլ ծառայության պետք է անցնեն այլ ձեւաչափով` ունենան մայորի, կապիտանի կոչում եւ այլ կարգեր, այլ ոչ թե հատուկ նշանակված հոգեւորականներ լինեն, որոնք ուղղակի զինվորի կողքին են, զորամասերում։ Ի՞նչ կարծիք ունեք, սա ի՞նչ ազդեցություն կունենա մեր զինվորների հոգեբանության վրա, ի՞նչ նպատակով է արվում։

– Պատմության տեսանկյունից կասեմ, որ հոգեւորականների ներկայությունը բանակում կարեւոր է եղել հենց պատերազմական իրավիճակում, զինվորի կողքին լինելն ունի մեծ նշանակություն։ Ես հիշում եմ, որ պատերազմի ընթացքում գնում էինք խրամատներ, եւ երբ զինվորները մեզ տեսնում էին հենց իրենց կողքին, ինչ զգացողություն էին ունենում։ Կային հոգեւորականներ, որոնք մնում էին այնտեղ, ցրտին փաթաթվում, տաքացնում էին զինվորներին։ Ու տեսնում էիր, թե ինչպես է մարդու հոգեվիճակը փոխվում, եւ ինչպես է նա զորանում։ Իսկ հիմա սա նշանակում է, որ հայ ազգը թողնում է իր զինվորին առանց հոգեւոր զորացման, ասում ենք` մեր զինվորին զորացում պետք չէ։ Եթե սա այսօր ընդունելի է մեր ժողովրդի կողմից, ի՞նչ կարող ենք անել։ Իհարկե, մենք շարունակաբար հնչեցնելու ենք մեր ուղերձը՝ հիշեցնելով, որ մարդն առանց Աստծո չի կարող ապրել։ Թեկուզ՝ հենց այս ժամանակաշրջանում․ ինչ տեսակի փորձությունների միջով էլ անցնենք, միեւնույն է՝ մենք շարունակելու ենք հորդորը հնչեցնել։ Որ, անկախ ամեն ինչից, մարդիկ պետք է պահպանեն իրենց հոգեւոր վիճակը։ Այսպես նրանք զորանում են եւ ամրանում հոգեպես։ Եթե քայլ է արվում՝ փոխել մարդու հոգեվիճակը, իսկ մենք գիտենք՝ ով է մարդու հոգեվիճակը փորձում փոխել, դա չարն է, որի դեմ պիտի մարտնչես։ Միքայել սրբազանը մի հետաքրքիր բան էր ասում. քահանան զինվոր է, կռվում է չարի դեմ, մարտնչող է, իսկ կուսակրոնը՝ մահապարտ։ Եթե զինվորն ինչ-որ տեղ կարող է թերանալ, ապա մահապարտ կուսակրոնին դա թույլատրված չէ։ Ի դեպ, մեր սրբազանը հիմա հենց էդ մահապարտի կարգավիճակում է։

– Հիմա իշխանությունն ամեն ինչ անում է, որ տապալի Եպիսկոպոսաց ժողովը։ 6 եպիսկոպոսի արգելվեց դուրս գալ երկրի սահմաններից, իսկ ժողովը նախատեսված է արտերկրում։

– Մասնակցության ֆորմատը տարբեր կարող է լինել։ Ես չգիտեմ` այս դեպքում Վեհափառն ինչ որոշում կկայացնի, բայց չի բացառվում, ինչպես COVID-ի ժամանակ հեռավար անցկացվեց Եպիսկոպոսաց ժողովը, այս անգամ էլ, որպեսզի ամեն ինչ չտապալվի, չի բացառվում, որ հենց այդպես էլ արվի։ Իհարկե, ես նորից եմ ասում, դեռ չգիտեմ, թե Վեհափառն ինչպես է որոշել։

Արեւիկ Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728