«Ցանկացած նման դեպք ինձ մտահոգում է, տեսանյութը տարածելուց հետո ես հանձնարարել եմ աշխատակազմին, մենք ինքներս ենք իրավասու պետական մարմիններին դիմել քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով։ Այս փուլում չեմ կարող ասել, որ հստակ վերջնական պաշտոնական տեղեկատվությունն ինքս ունեմ, բայց գործով միանշանակ մենք էլ ենք հետեւողական լինելու»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին՝ ոստիկանական բաժանմունքում քաղաքացուց խոշտանգելով ցուցմունք կորզելու մասին։
ՄԻՊ-ն ասաց, որ բռնության ու վատ վերաբերմունքի դեպքերի հետ կապված ամենամեծ խնդիրներից մեկը ոչ այնքան վարույթի նախաձեռնման ժամկետների հետ կապված խնդիրներն են, որքան հենց գործերի քննության առումով խնդիրները։ «Ինքս միշտ նշել եմ, որ գործերի քննության առումով կարծես թե չափանիշային խախտումներ են մշտապես լինում այն տեսանկյունից, որ գործերից շատերով անհապաղ չի իրականացվում քննությունը, եւ, բնականաբար, ապացույցների եւ այլնի հետ կապված հարցերի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակներ առաջանում են։ Հետեւաբար, այս առումով ես ինքս շատ կարեւորում եմ, որպեսզի իրավասու մարմինները գործերի քննության անհապաղությունը հաշվի առնեն։ Ինչ վերաբերում է վարույթ նախաձեռնելու ժամանակահատվածին, տեղեկատվությունը մենք էլ կճշտենք՝ այս փուլում նախաձեռնված է, թե ոչ, նոր դրա հիման վրա տեղեկատվությունը կփոխանցենք ձեզ»,- ասաց Անահիտ Մանասյանը։
Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է օպերլիազորը՝ ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում, խոշտանգում և հայհոյում տղամարդուն, որը, լրագրողի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։
«Ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց»,- գրել էր Բադոյանը։
Կարդացեք նաև
Տեսանյութի հրապարակումից հետո ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































