«Մենք տեսնում ենք իրավիճակը եւ գնահատում ենք, թե ինչքան սուր է այն։ Եվ համապատասխան լուծումներ ենք հիմա մշակում, մոտ օրերս ավելի վերջնական կասենք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, որ ID քարտ ստանալու համար հերթեր են գոյացել։ Ինչպես հայտնի է՝ հունվարի մեկից աշխատանքային պայմանագրերը էլեկտրոնային պետք է ստորագրվեն, եւ քաղաքացիները պետք է ունենան ID քարտ ու էլեկտրոնային ստորագրություն։
Արսեն Թորոսյանը հավելեց․ «Բայց այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ քանի որ նոր նույնականացման քարտերի ու նոր անձնագրերի համակարգ ենք ներդնում, որը պետք է գործարկվի այս տարի՝ ավելի ուշ, այստեղ նորից խնդիր է առաջանում այս պահին տրամադրվող եւ ապագայում տրամադրվելիք ID քարտերի բալանսի միջեւ։ Նաեւ դրանով պայմանավորված՝ կարող ենք լուծումներ գտնել, որովհետեւ եթե նույնիսկ հիմա օր ու գիշեր աշխատեն այդ սարքերը, հետո կարիք է լինելու անցում կատարել նորերին։ Նաեւ դրանով պայմանավորված եւ որոշ այլ պատճառներով հնարավոր է օրենքի կիրառման ժամկետների վերանայում իրականացնենք»։
Ըստ նրա՝ նոր կնքվող պայմանագրերը հիմա պարտադիր պետք է լինեն էլեկտրոնային, որպեսզի ոչ ոք չզրկվի իր աշխատանքային իրավունքից, եւ նաեւ այդ անցումը պետք է լինի հնարավորինս անցավ, քանի որ 200 հազար քաղաքացի դեռ չունի ID քարտ։ «Իհարկե, նաեւ մտադրություն կա թողնելու կամավոր, որ եթե ինչ-որ մեկն ուզում է, նաեւ կամավոր կարողանա դա անել։ Բայց դրանք նախնական քննարկումներ են, վերջնական մոտ օրերս կասենք»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































