«Մինչեւ նոր օրենքը ուժի մեջ չմտնի, շատ դժվար է հաշվարկել այն ռեսուրսը, որն անհրաժեշտ կլինի պատշաճ մեր աշխատանքներն իրականացնելու համար, որովհետեւ մեր կարգավորումների տակ գործող ընկերությունների թիվը մեծանում է, եւ մենք պահանջ ունենք տեխնիկական լուծումների, արհեստական բանականության գործիքների վրա հիմնված մոնիտորինգային սիստեմի, որն ինչ-որ չափով մարդկային գործոնը կհանի: Մենք այս պահին պատրաստում ենք այդ տեխնիկական առաջադրանքը»,-ի թիվս այլնի՝ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ասուլիսում պատասխանելով լրագրողի այն հարցին, որ օրենքի նոր փոփոխություններով հանձնաժողովի լիազորություններն ընդլայնվում են, հանձնաժողովն ի՞նչ ակնկալիքներ ունի այդ փոփոխությունների հետ կապված:
Այլ հարցի, որ 30-ից ավել քաղաքական ուժ ցանկություն է հայտնել մասնակցելու ընտրական գործընթացներին, հանձնաժողովն ինչ աշխատանքներ է տանում նախընտրական մեդիամոնիտորինգն իրականացնելու համար, Տիգրան Հակոբյանն այսպես արձագանքեց. «Մենք կապի մեջ ենք ԿԸՀ-ի հետ… Կարծում եմ՝ այդ թիվը շատ ավելի քիչ կլինի: Երկրորդ, մի շարք քաղաքական ուժեր դաշինքներով կմասնակցեն: Մենք այդ փորձը ունենք, եթե հիշում եք՝ 2021թ ԱԺ ընտրություններում 23 քաղաքական ուժ էր մասնակցում…
Ինչ ենք մենք անում. նախ՝ պատրաստում ենք մեր մեթոդաբանությունը՝ ինչպես պետք է դա լուսաբանեն հեռարձակվող լրատվամիջոցները: Մի քանի անգամ ԺՀՄԻԳ եւ այլ կազմակերպություններ դրական գնահատական են տվել այն մեթոդաբանությանը, որը մենք փոփոխեցինք: Մենք բոլոր ուժերին տալիս ենք հնարավորություններ, ամեն ընտրությունից առաջ թրեյնինգներ ենք անցկացնում, կոչերով ենք դիմում, ամեն ինչ անում ենք, որ ատելության եւ ագրեսիայի քանակը քիչ լինի: Եթե նկատել եք, 2021թ նախընտրական պայքարն ավելի ագրեսիվ էր դրսում, համացանցում, բայց ոչ կարգավորվող մեդիայի եթերներում»:
Նրա ձեւակերպմամբ. «Փոփոխություններով ընտրական օրենսգրքում, Սահմանադրական օրենքում յուրաքանչյուր հեռարձակող պարտավոր է անվճար ժամանակ տալ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցությանը կամ դաշինքին: ԱԺ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր հեռուստաընկերություն պետք է 25 րոպե ժամանակ տա յուրաքանչյուր կուսակցությանը… Ես անցյալ անգամ ասացի, որ դա նույնն է, որ ամեն «բենզակալոնկայի» պարտադրեք, որ ամեն կուսակցությանը 1 տոննա բենզին տա նախընտրական պայքարում…
Կարդացեք նաև
Դուք ի՞նչ իրավունք ունեք անկախ տնտեսվարող սուբյեկտների վրա այդպիսի պարտավորություն դնել, որ ինքը ձրի տա ժամանակը կուսակցություններին՝ իրենց գաղափարները տարածելու համար: Դրա համար կա Հանրային հեռուստաընկերություն, Հանրային ռադիո, բայց անկախ սուբյեկտներն այդ պարտավորությունը չունեն, դեղատունը պարտավորություն չունի ամեն կուսակցության նախընտրական պայքարում վալերիանկայի մի քանի տուփ տալ… Սա խայտառակություն է, որ ոչ մի երկրում չկա: Դա կրճատում է հեռուստաընկերությունների եկամուտը եւ պարտադրում է այն հեռուստաընկերություններին, որոնք չեն ուզում մասնակցել՝ մասնակցեն…Եթե, օրինակ, Ֆասթը սպորտ է ցուցադրում, ինչո՞ւ պետք է որեւէ կուսակցության մասին սիրուն ռոլիկ տեղադրի, կամ 21 TV-ն կամ Բունը, որ մշակութային ալիք է…Մարդը գուցե ուզում է մշակութային հաղորդում նայել, բայց միացնում, տեսնում է մեկը էշ-էշ դուրս է տալիս…Մարդկանց ցավոք, պարտադրում են բոլոր ալիքներով հետեւել նախընտրական մանիպուլյացիաներին, այդ հարցը բարձրացնում ենք, բայց առայժմ հեռուստաընկերությունների միջեւ համերաշխություն չկա, որ այդ նորմը հանվի օրենսդրությունից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































