ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ այդ գործով անցնում է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, գործարար Սևակ Գոմցյանը։
Դատը սկսվելուն պես՝ նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ բացարկ հայտնելով նախագահող դատավոր Լևոն Պետրոսյանին։
Ըստ փաստաբանի, կասկածի տակ է դատավորի անկողմնակալությունը․ նախորդ դատական նիստի ժամանակ շտապօգնություն է եկել Վարդան Ղուկասյանի համար, որը որոշել է հոսպիտալացնել նրան, դատական նիստը շարունակվել է պարոն Ղուկասյանի բացակայության պայմաններում։
Կարդացեք նաև
Բացի այդ, դատավորը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում էր Զարուհի Փոստանջյանի՝ դատական նիստին մասնակցելու իրավաչափությունը, կասկածի տակ է դրել այն՝ առանց կողմերին լսելու։ Դատարանը իր հայտարարությունը հիմնավորել է ոչ թե վարույթի նյութերով, այլ գործընկերների կողմից հուշված տեղեկությունները մեջբերելով։
Իսկ այս ամենը, ըստ Զարուհի Փոստանջյանի, ողջամիտ կասկած է առաջացնում դատավորի անկողմնակալության վերաբերյալ։ Բացի այդ, դատավորը հետամուտ չի եղել պարոն Ղուկասյանին բժշկական կենտրոն տեղափոխելուն:
Պաշտպան Արամայիս Հայրապետյանն էլ ասաց՝ տպավորություն ու ողջամիտ ընկալում կա, որ նախագահող դատավորի մոտ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ առկա է անբարյացակամ, բացասական վերաբերմունք։ Դատավորն ի սկզբանե առանց ճշգրտումների, առանց փաստաբանների պալատին հարցում կատարելու, կասկածի տակ դրեց Զարուհի Փոստանջյանի բարեխղճությունը։ Ըստ փաստաբանի, արդյոք այս միջոցով չե՞ն փորձում Վարդան Ղուկասյանին զրկել իր ընտրած փաստաբանից։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավորն, իր խոսքերով ասած՝ ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ, որը, ըստ նրա, հուշել են իր գործընկերները։ Ըստ դատավորի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Ոսկանյանի նախագահությամբ 2025 հունվարի 13-ին մեղավոր է ճանաչել Զարուհի Փոստանջյանին Քրեական օրենսգրքի 507 հոդված առաջին մասով նախատեսված հանցագործության մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք։ Գործը հասել է Վճռաբեկ դատարան, որը մերժել է Զարուհի Փոստանջյանի բողոքը։
Զարուհի Փոստանջյանն իր հերթին պարզաբանել էր, որ Նիկոլ Փաշինյանին «գործակալ, հողերը հանձնող» անվանելու դիմաց տուգանք է վճարել և դատվածություն չունի։
Դատախազը առարկեց՝ պնդելով, որ միջնորդությունն իրավազուրկ է։
Դատավորն էլ իր հերթին պարզաբանեց, որ նախորդ դատական նիստին, երբ օգտագործել է «հուշել» բառը, դա ունի «տեղեկացնել» իմաստ, գուցե դա է կասկածի տակ գցել պաշտպաններին։ Նա ևս մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը միայն իր պահով չէ, այլ կապված է Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը չփոխելու հետ, նրա առողջական վիճակը շատ վատ է, սակայն քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չեն իրականացանում, որի համար էլ ինքը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն, որտեղից պատասխան են ուղարկել, սակայն այն չի բավարարել ՄԻԵԴ-ին։
«Հիմա իրավիճակն հետևյալն է․ պարոն Ղուկասյանին չեն բուժում «կագեբեի պադբվալ» կոչվող քրեակատարողական հիմնարկում»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։
Զարուհի Փոստանջյանն նաև ասաց, որ շտապօգնության բժիշկները դատարանում արձանագրել են, որ Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ է հոսպիտալացնել, սակայն չեն հոսպիտալացրել, դրանից հետո նրան են այցելել ինչ-որ բժիշկներ, նշանակել հակացուցված դեղամիջոցներ, որոնք ավելի են բարդացրել նրա առողջական վիճակը։
Պաշտպան Արամայիս Հայրապետյանն էլ ասաց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ առկա է վատ վերաբերմունք, եթե կար նրա հոսպիտալացնելու ցուցում, ինչո՞ւ էին նրան տեղափոխում քրեակատարողական հիմնարկ, ու որևէ մեկը պատասխան չի տվել այս ամենի համար։
«Միգուցե առկա է կազմակերպված արշավ, որը վտանգում է Ղուկասյանի կյանքն ու առողջությունը»,-ասաց Արամայիս Հայրապետյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































