Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Չախալյանի երեխաներին դպրոց տանող չկա, կինը չի հասցնում. դատարանը փաստաթղթեր պահանջեց

Փետրվար 05,2026 17:07 Share

Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր մեղադրյալներից Վահագն Չախալյանի պաշտպան Խաչիկյանը միջնորդեց փոխել Չախալյանի խափանման միջոց կալանքը՝ ներկայացնելով նոր հանգամանքներ:

Նոր հանգամանքները, ըստ պաշտպանի, վերաբերում են Չախալյանի ընտանեկան վիճակին: Երեք երեխաներից մեկն ուսանող է, երկուսը՝ անչափահաս: Ըստ պաշտպանի՝ Չախալյանի երկու դպրոցահասակ երեխաները տարբեր դպրոցներ են հաճախում ու Չախալյանի կինը չի հասցնում ապահովել նրանց դպրոց տանելու գործընթացը՝ օգնող չունի: Ինչի հետեւանքով երեխաները երբեմն կարողանում են դպրոց գնալ, երբեմն՝ ոչ:

Ըստ պաշտպանի ՝ նոր հանգամանք է նաեւ այն, որ այս գործով 18 մեղադրյալից, միայն իր պաշտպանյալ Չախալյանն ու Բագրատ սրբազանն են մնացել կալանքի տակ, մինչդեռ մնացածի նկատմամբ այլ խափանման միջոց է կիրառվել:

– Վահագն Չախալյանը կարո՞ղ է խոչընդոտել քրեական վարույթի քննությանը, արդյոք Վահագն Չախալյանին կարելի՞ է շարունակել կալանքի տալ պահել, որ ապահովվի վարույթի կանոնավոր ընթացքը, կա՞ դրա անհրաժեշտությունը:

Մեղադրական եզրակացության մեջ պաշտպանյալիս վերաբերող 25 բառ է առկա, նշված է Չախալյան, ոչ թե Վահագն Չախալյան: Ընդհանրապես Վահագն անունը չի հնչում: Վերջում ենթադրում ենք, որ քննիչի կամ արձանագրողի վառ երեւակայությունն է, որ Չախալյան ազգանունին վերագրվում է Վահագն անունը:

Խոսքը վերաբերում է բացառապես Մովսես Շարբաթյանի ու ոմն Չախալյանի միջեւ հեռախոսազրույցին, այդ զրուցի արձանագրումն էլ չկա մեղադրական եզրակացության մեջ,- ասաց պաշտպանը: Նա շեշտեց, որ եթե նույնիսկ ենթադրաբար մի պահ հավատանք, որ հանցավոր խումբ է գործել, Վահագն Չախալյանին էլ, եթե կարելի է ենթադրաբար վերագրել արարք, նա գտնվում է ամենավերջին աստիճանավանդակին. «Որեւէ ապացույց չկա»:

Պաշտպանը միջնորդեց կիրառել այլ խափանման միջոց, այդ թվում համակցված կերպով, միայն թե թույլ չտալ կալանքը կրել ուղղիչ հիմնարկում. «Համակցություն, առաջարկվող գրավի չափն էլ երկու միլիոն 200 հազար դրամ, չունենք ավելին առաջարկելու հնարավորություն»:

Դատարանն ասաց, որ ներկայացված միջնորդությունում չի տեսնում նոր հանգամանք, ասաց՝ միջնորդությունը այսօր քննության առարկա չի դարձնում: Դատարանը նաեւ պահանջեց համապատասխան փաստաթղթեր, որոնք կփաստեն նոր հանգամանքը ընտանեկան վիճակի վերաբերյալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728