Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց հայ գերիների վերադարձի անհնար է հասնել տևական խաղաղության. hայաստանյան իրավապաշտպան ՀԿ-ների նամակը Ջեյ Դի Վենսին

Փետրվար 05,2026 17:58

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին Հայաստանի երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը:

Նամակն ամբողջությամբ.

Բաց նամակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին

Հարգելի պարոն փոխնախագահ,

Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, և հույս ենք հայտնում, որ այն խթան կհանդիսանա հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից:

Հաշվի առնելով, որ Ձեր հագեցած այցի ընթացքում լինելու եք ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարևոր մարդասիրական խնդրի՝ Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման վրա:

Վերջերս նրանցից չորսի հայրենադարձումը ցույց տվեց այս մարդասիրական խնդրի հույժ կարևորությունը մեր հասարակության համար: Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման կարևորագույն միջոց է: Ցավոք, 19 քրիստոնյա հայեր դեռ շարունակում են պահվել և տառապանքներ կրել ադրբեջանական բանտում։

Հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի եզակի դերը խաղաղության համաձայնագրի կնքման և խաղաղության գործընթացին նպաստելու գործում՝ ԱՄՆ վարչակազմի ակտիվ աջակցությունն անգնահատելի է նրանց վերադարձը հնարավոր դարձնելու հարցում: Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն: Այս ընթացքում շարունակվել են հայերի նկատմամբ կեղծ դատական գործընթացները, որոնք վարվում են արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում: Շինծու դատավարությունների արդյունքում այսօր կայացվեցին ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռներ, որոնք համահունչ չեն խաղաղության օրակարգին:

Քրիստոնյա հայ գերիների վերադարձի հարցը բարձրացվել էր Վաշինգտոնում 2025թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում:

Ներկայիս ԱՄՆ վարչակազմը հետևողականորեն շեշտադրել է մարդու իրավունքների երաշխիքների կենտրոնական դերը: Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը դեռ նախընտրական շրջանում է ընդգծել  հալածյալ քրիստոնյաների պաշտպանության կարևորությունը: Համոզված ենք, որ ԱՄՆ վարչակազմն իրավամբ մեծ դեր կարող է ունենալ Բաքվում պահվող հայ քրիստոնյաների ազատ արձակման հարցում:

Այսօր, ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր:

Մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակեպություններս, համոզված ենք, որ մարդասիրական հարցերի լուծումն առանցքային է երկու երկրների միջև վստահություն կառուցելու համար: Առանց նման վստահության անհնար է հասնել տևական խաղաղության:

Ուստի մեր խնդրանքն ու կոչն է Ձեզ ու ԱՄՆ վարչակազմին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայերը հնարավորինս շուտ կարողանան միանալ իրենց ընտանիքներին: Մենք հավատացած ենք, որ դուք իսկապես կարող եք լուծել այս մարդասիրական խնդիրը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին:

Ստորագրել են՝

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

«Դիգնիթի» մարդասիրական ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ

«Սոցիալական արդարություն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ

 «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

«ԱՐԲԱՆԷ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728