Աշխարհն` աշխարհով, մերոնք ընտրություններով, էլ ուրիշ թեմա չունեն: Իրանի շուրջ լարվածություն, օվկիանոսում անբարոյականության կղզու ու այնտեղ խառնակված աշխարհի ամենաառաջին դեմքերի խայտառակություն, Ադրբեջանում ցմահ եւ առավելագույն ժամկետներով մեր գերիների դատավճիռներ, Ադրբեջանը Նախիջեւանի սահմանադրությունից հանում է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին հղումը եւ Նախիջեւանն ավտոմատ դարձնում իր անբաժանելի սեփականությունն` արդեն սահմանադրական ամրագրմամբ: Մերոնցից ոչ մի ծպտուն չի լսվում` ո՛չ գերիների հետ կապված, ո՛չ Նախիջեւանի: Ֆրանսիայի սենատը միաձայն բանաձեւ պե՞տք է ընդունի` մեր գերիներին ազատ արձակելու կոչով: Գոնե ծրագրո՞ւմ եք Հայաստան ժամանող ԱՄՆ փոխնախագահի մոտ այդ հարցից խոսել: Կամ Մոսկվայում Լավրովին հանդիպած Հայաստանի ԱԺ նախագահը այդ հարցերի մասին խոսե՞ լ է նրա հետ:
Կամ գոնե Նախիջեւանի հարցում մեր պատմաբանները ձայն հանեն, նստած են, ինչպես ձուկը ջրում` լուռ: Երկրի վարչապետն էլ «Զայեդ» մրցանակ է ստանում, Ալիեւի ձեռքը սեղմում ու մի կես հարց չի տալիս` մեր գերիներին ինչո՞ւ ես պահել, այ խաղաղության մարտիկ, կամ` ինչո՞ւ ես միջազգային իրավակարգը խախտում եւ Նախիջեւանի կարգավիճակ փոխում: Ո՛չ ուրիշ Հայաստան ունենք, որի տարածքը հարյուրհինգ տարի առաջ նվիրել են հարեւանին, ո՛չ էլ ուրիշ կառույց, բացի Հայաստանի կառավարությունից, որ նման հարցերին պարտավոր է արձագանքել: Գոնե քննարկման մակարդակով մի ծպտուն հանեք, չենք ասում` հասնեք Սասուն, մտնեք Վան: Միջազգային որեւէ ատյանում հարցապնդում արեք, մեր խորհրդարանում որպես հատուկ հարց օրակարգ մտցրեք-քննարկեք:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































