Հայաստանի Հանրապետության պետական-եկեղեցական հարաբերությունները կառուցված են համագործակցության, բայց ոչ ենթակայության սկզբունքի վրա: «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը հստակորեն ճանաչում է եկեղեցու ինքնակառավարումը իր նվիրապետական իշխանության սահմաններում: Սա նշանակում է, որ պետությունը չունի իրավասություն միջամտելու եկեղեցու ներքին կառավարման, կարգապահական կամ հիերարխիկ հարցերին: Երբ պետական մարմինները կիրառում են դատական կամ քրեական գործիքակազմ՝ եկեղեցական որոշումների գործադրումը խոչընդոտելու կամ դրանց չկատարումը քրեականացնելու նպատակով, նրանք դուրս են գալիս օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակից: Հայրապետական տնօրինությունները քաղաքացիական կամ վարչական դատավարության առարկա չեն: Դրանց հակառակ մեկնաբանությունը փաստացի վերացնում է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը եւ հակասում է կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատ լինելու սահմանադրական պահանջին:
Սահմանադրական պաշտպանություն եւ վտանգավոր նախադեպ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը եւ հստակ սահմանում է եկեղեցու եւ պետության անջատվածությունը: Այս սկզբունքները վերահաստատվում են նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով, որը բացառում է պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին: Եկեղեցական կարգապահական որոշումների նկատմամբ դատական վերահսկողության փորձերը խախտում են ոչ միայն կրոնական ազատությունը, այլեւ միավորվելու ազատությունը: Դրանք ստեղծում են վտանգավոր նախադեպ, ըստ որի պետությունը կարող է փաստացի վերահսկել եկեղեցու ներքին հարաբերությունները՝ հակասելով սահմանադրական չեզոքության սկզբունքին:
Այս միջամտությունները հատկապես անընդունելի են այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ամրագրված է Սահմանադրության 18-րդ հոդվածով:
Միջազգային իրավունքի տեսանկյունից
Միջազգային իրավունքը միանշանակ պաշտպանում է կրոնական համայնքների ինքնավարությունը: Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան երաշխավորում են ոչ միայն հավատքի ազատությունը, այլեւ կրոնական կազմակերպությունների ներքին ինքնակազմակերպման իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը բազմիցս հաստատել է, որ աշխարհիկ դատարանները իրավասու չեն քննելու հոգեւորականների կարգապահական հարցերը: Այդպիսի գործերը, որպես կանոն, ճանաչվել են անընդունելի՝ հենց եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելու նպատակով: Այս համատեքստում միջազգային իրավաբանական վերլուծությունները հետզհետե արձանագրում են, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համակարգային վտանգ են ներկայացնում եւ հակասում են ինչպես երկրի Սահմանադրությանը, այնպես էլ եվրոպական ժողովրդավարական չափանիշներին:
ՏԻՐԱՏՈՒՐ քհն. ՍԱՐԴԱՐՅԱՆ
Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ
Հոդվածն ամբողջությամբ «Ազգ» շաբաթաթերթում


















































