Նախորդ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը գոհունակություն հայտնեցին երկկողմ առեւտրի, Ադրբեջանից՝ Հայաստան նավթամթերք եւ երրորդ երկրի միջոցով հացահատիկի՝ Հայաստան մուտք գործելու մասին, կարո՞ղ է ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել գեթ մեկ հայկական արտադրության ապրանք, որն արտահանվել է Ադրբեջան՝ լրագրողի հետեւյալ հարցին՝ Գեւորգ Պապոյանն ամփոփիչ ասուլիսում այսպես արձագանքեց. «Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, որ եկել է Հայաստան՝ բենզինը եւ դիզելային վառելիքը, բայց հայկական ծագման արտադրանք չկա, սակայն կողմերը փոխանակվել են այդ ցանկերով, իրենք մեզ են երկար ցանկ տվել, մենք՝ իրենց»։
Գեւորգ Պապոյանը փորձեց պարզաբանել, թե ինչու Ադրբեջան հայկական ծագմամբ որեւէ ապրանք չի արտահանվում. «Կարծում ենք, որ գործարար միջավայրը ժամանակի ընթացքում կարձագանքի: Պատճառները տարբեր են՝ սկսած նրանից, որ շուկաները դեռեւս միմյանց անծանոթ են, ինչպես մերը՝ նրանց, այնպես էլ նրանց շուկան՝ մեզ: Դրա համար ժամանակ է պետք, դա այնպիսի գործընթաց է, որն ավելի շատ գտնվում է մասնավոր հատվածի դաշտում:
Պետությունը ստեղծում է պայման՝ քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհի բացվելով, երկաթուղի գործելով եւ այլն: Մենք այդ պայմանների զգալի մասը ստեղծել ենք, բայց, օրինակ, ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռեւս չկա, թեեւ այդ ուղղությամբ աշխատանքներ են գնում, եւ դա կլինի մի քանի տարի անց՝ նկատի ունեմ TRIPP-ի գործարկումը, կարող է նաեւ այլ գործիքակազմ էլ աշխատել: Չնայած մենք բացել ենք ճանապարհները, բայց իրենք չեն օգտվում մեր ճանապարհներից, որպեսզի ապրանքը Հայաստանի միջոցով տանեն Թուրքիա կամ հակառակը: Այնպես որ սա մի գործընթաց է, որը ժամանակատար է եւ բարդ է:
Եթե 2 տարի առաջ բոլորը խոսում էին այն մասին, որ ամեն պահի կարող է լինել պատերազմ, հիմա խոսում են, թե ինչու այս կամ այն ապրանքը չի վաճառվում կամ գոնե դեռ չի վաճառվել: Ես կարծում եմ, որ սա արդեն շատ լավ է».
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































