«Վերջին հինգ տարիներին ՀՀ-ն չունի ազգային անվտանգության ռազմավարություն։ Կամ չեն կարողանում մշակել, կամ ուղղակի չեն ուզում դա, որ իրենց՝ որպես իշխանության գոյության պաշտպանությունը, իշխանության վերարտադրությունը ապահովեն»,- «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ահազանգեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նա նաև նշեց, թե իր կարծիքով՝ ինչու այս իշխանությունները չեն մշակել այդ ռազմավարությունը․ «Ազգային անվտանգության ռազմավարություն որ գրեն, էլ չեն կարողանալու մի օր թուրքերին սիրաշահել, մի օր ռուսներին, մի օր ամերիկացիներին, մի օր եվրոպացիներին և սեփական պետության տարածքային ամբողջականությունը խաթարելու հաշվին ապահովել իրենց իշխանության գոյությունը»։
Արտակ Զաքարյանի համոզմամբ՝ մեզ անհրաժեշտ է շատ արագ մշակել ազգային անվտանգության նոր մոդելի ռազմավարության տարբերակ․ «Հիմնական ուղղությունները պետք է լինեն արտաքին քաղաքականությունը, ռազմաքաղաքական խնդիրները, արցախցիների վերադարձի իրավունքը, ՀՀ պաշտպանունակության խնդիրները, կիբեր և տեղեկատվական անվտանգության հարցեր, ներքին անվտանգություն, հանրային հանդուրժողականություն և համերաշխություն, կրթական խնդիրներ և այլն»։
Կարդացեք նաև
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































