«Հայաստանի հանրությունը միմյանց հետ խոսելու հարթակներ չունի»,-«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ում կա իշխանություն, որը որոշումներ է կայացնում խաղաղության և պատերազմի մասին․ «Դրանք ինչի՞ վրա են հիմնված, ի՞նչ վերլուծությունների, հնարավոր սցենարների վրա են հենված։ Ինչ-որ մարդ կարողանում է ամբողջ իշխանությունը կենտրոնացնել և որոշումներ կայացնել, որոշումների տակ որևէ փաստաթուղթ չկա, իսկ եթե փաստաթուղթ չկա`չկա նաև պատասխանատվություն»։
Խոսելով հոգևոր անվտանգության մասին՝ Ստեփան Դանիելյանն ասաց․ «Մեր հասարակությունը վտանգավոր վիճակում է հայտնվել։ Մենք տրավմատիկ հասարակություն ենք, որը պարտություն է կրել։ Մենք Արցախո՞ւմ ենք պարտություն կրել, թե՞ արդեն նաև ՀՀ-ում։ Մեզ բերում են նրան, որ մենք ՀՀ-ում պարտություն ենք կրել, պարտություն կրած ժողովուրդը պետք է ենթարկվի թշնամիներին։ Սա ամբողջ այն քաղաքականությունն է, որը գործող իշխանությունը փորձում է իրականացնել։ Սա հոգևոր անվտանգության խնդիր է»։
Կարդացեք նաև
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































