Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռն անցկացնում ենք անմարդկային պայմաններում․ Կոմիտաս Պարկի բնակիչները գազ չունեն, կառուցապատողը վստահեցնում է՝ մեկուկես ամսից կլինի

Փետրվար 07,2026 17:04 Share

«Մեր շենքերը պետք է հանձնեին 2023-ի դեկտեմբերին, համակերպվեցինք, երկու տարի անցավ, բայց հիմա գազ չունենք։ Բնակիչներից շատերը բնակվում են, մարդիկ հազիվ են ձմեռն անցկացնում։ Մեզ ասացին, որ դեկտեմբերի վերջ պիտի որ լիներ գազը, հետո հետաձգեցին հունվար։ Այժմ կանգնած ենք այն փաստի առաջ, որ գործ չի արվել, և մենք կրկին գազ չունենք»,-Կոմիտաս Պարկ բնակելի 1-ին համալիրի առաջին շենքի տարածքում բնակիչների շահագրգիռ խմբի կազմակերպած խաղաղ բողոքի ակցիա/ հանրահավաքի ժամանակ հայտարարեց 7-րդ մասնաշենքի բնակիչ Լուսինե Արզումանյանը։

Թեև գազի խողովակները կան, սակայն բնակիչներից շատերը չեն կարողանում բնակվել, քանի որ գազ չկա, իսկ բնակվողներն էլ, իրենց խոսքով, անմարդկային պայմաններում են անցկացնում ձմեռը։

Բնակիչների փոխանցմամբ՝ կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունն անընդհատ հետաձգում է ժամկետը, դիմել են Քաղաքաշինության կոմիտե, Գազպրոմ, սակայն գործը տեղից չի շարժվում, հարցն օդում կախված է։

Ասյա Գյուրջյանը հունվարի 1-ից արդեն բնակվում է թաղամասում։ Լրագրողների հետ զրույցում նա պատմեց․ «Հիմնականը գազամատակարարման խնդիրն է։ Բացի նրանից, որ կառուցապատողը ժամկետներ է խախտել բնակարանները հանձնելու մասով, համալիրն ունի ավարտական ակտ, բայց մարդիկ չունեն սեփականության վկայականներ։ Բնակիչների մի մասը բնակարանները ձեռք է բերել պետական ծրագրով՝ բնակարան հանրային ծառայողներին ծրագրով, ուստի նաև կողմ է հանդիսանում պետությունը, մյուս մասը բնակարանները գնել է անմիջապես կառուցապատողից։ Մոտ 400-500 բնակարան են կազմում պետական ծրագրով գնված բնակարանները, ուստի սուբյեկտ համարվում է նաև պետությունը։ Գրավոր դիմում ենք ուղարկել համապատասխան պետական մարմին՝ Քաղաքաշինության կոմիտե, վարչապետի անձնակազմին, սակայն իրենք էլ են դժվարանում մեր հարցին լուծում տալ։ Կառուցապատողը խոստացել էր 4-5 ամսվա ընթացքում պարզաբանումներ տալ, բայց մեր բոլոր գրությունները մնում են անպատասխան»։

Բնակիչներն ասացին, որ Գազպրոմից իրենց պատասխանել են, որ խնդիրը տեխնիկական բնույթի է․ «Պետք է տասը կիլոմետր նոր խողովակատար կառուցվի և նոր մագիստրալով միացում արվի այն խողովակատարին, որ այստեղ անցկացվել է։ Իրենց ստանդարտները չեն համապատասխանում։ Իսկ կառուցապատողը հավաստիացնում է, որ ամեն ինչ արվել է պատշաճ կերպով, լիցենզավորված կազմակերպություն է այդ ամենն անցկացրել, խնդիր չկա»։ Բնակիչների կարծիքով՝ եթե լինի Գազպրոմ, բնակիչներ, կառուցապատող և Քաղաքաշինության կոմիտե քառակողմ հանդիպում, շատ հարցեր կպարզաբանվեն, սակայն մինչև այժմ նման հանդիպում չի եղել։

Բնակիչները նաև նշեցին, որ կառուցապատողի կառուցողական քայլերից մեկն այն է եղել, որ փոխհատուցել է բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսը՝ միևնույն ժամանակ դիտարկելով, որ սա էլ է հղի վտանգներով ու խնդիրներով․ «Բնակիչներն այնքան շատ են սպառում էներգիա, որ լարերը ծանրաբեռնվում են, ապահովիչները քցում, և ձմեռվա ցուրտ օրերին կարող են լույսերն անջատվել»։ Բնակիչների հավաստմամբ՝ իրենք հավելյալ բան չեն ուզում, ուղղակի ուզում են այն, որ իրենց պայմանագրում գրված կետը՝ այն է՝ թաղամասը գազաֆիկացված է, իրականացվի։

Նրանցից ոմանք նաև ասացին․ «Այստեղ բնակիչների գերակա մասը հանրային, պետական ծառայողներ ենք, մենք հարգում, սիրում ենք այս պետությունը, բայց այստեղ բաց կա, չգիտենք՝ ում դիմենք»։

Լրագրողները բնակիչների հետ միասին այցելեցին նաև կառուցապատող ընկերության գրասենյակ։ Փոխտնօրեն Արսեն Միրզոյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց․ «Եթե ուսումնասիրեք՝ ինչ փոփոխություններ են եղել գազամատակարարման, գազասպասարկման համակարգերի միացման հետ կապված, պարզ կլինի՝ հիմնական խնդիրն ինչ է։ Ցավոք, 2023-ին Երևանում լուրջ գազամատակարարման խնդիրներ առաջացան՝ կապված գազի ճնշումների և քանակի հետ՝ պայմանավորված մեծ թվով նոր կառուցապատումների հետ։ Եվ մոտ տարիուկես Գազպրոմը Երևանում չէր տալիս տեխնիկական պայման նոր կառուցվող շենքերի համար, թեև մեր տեխպայմանը դրանից առաջ էր ստացվել։ Կառավարության հետ համատեղ ներդրումային ծրագիր իրականացվեց 2023-2024-ին, որը մինչ օրս շարունակվում է։ Քաղաքի չորս ուղղությամբ գազամատակարարման նոր միջին ճնշման խողովակաշարեր կառուցվեցին, և պետության մասնաբաժին եղավ այդ ներդրումային ծրագրին։ Այն ընկերությունները, որոնք դա իրականացնում էին, բավարար ֆինանսական միջոցներ չունեին։ Այս տարածքի համար էլ նոր խողովակաշար կառուցվեց։ Մենք ենթադրում էինք, որ գործող տեխպայման ունենք, բայց պարզվեց, որ Գազպրոմն այդ որոշումը հաշվի առնելով՝ հարկադրաբար միացման վճար է սահմանել գազամատակարարման համակարգը, որը նախկինում գոյություն չի ունեցել։ Հիմա այդ վճարը սահմանվել է, որը մեկ բնակարանի համար մեծ գումար է։ Դրանով պայմանավորված են եղել մեր բարդությունները ու երկար բանակցությունները։ Կարող եմ տեղեկացնել, որ երկարատև բանակցությունների արդյունքում արդեն նախորդ հինգշաբթի վերջնական դիմում ներկայացվել է Գազպրոմ, և ակնկալում ենք, որ առավելագույնը երեքշաբթի վերջնական փաթեթ ենք ստանալու, որից հետո գործընթացը գործնական փուլ է մտնելու։ Մեր՝ դիմում ներկայացնելուց մեկուկես ամսվա ընթացքում մենք փաստացի այն, ինչ մնացել է աշխատանք անելու, որը վերջին կտորն է դեպի նոր տեխնիկական պայմաններ, միացվող գազատարի հանգույց, մի 20-25 օրից ներտնային մոնտաժ կսկսվի։ Եվ մեկուկես ամիս հետո մենք կունենանք գազ՝ կառուցված խողովակաշարերում և տներում»։

Լրագրողները մտավախություն հայտնեցին՝ հնարավո՞ր է խնդիրներից խուսափելու համար գնան սնանկացման, Արսեն Միրզոյանը պատասխանեց․ «Մենք ոչ միայն նման ծրագրեր չունենք, այլև շատ այլ կառուցապատումներ ունենք, խիստ պայքարում ենք այն փորձերի դեմ, որոնք կարող են դրան բերել։ Ֆինանսական առումով նման խնդիր չունենք»։

Բնակիչների հարցերին՝ ինչո՞ւ են մերժել Քաղաքաշինության կոմիտեի հրավերը մասնակցել եռակողմ հանդիպմանը, ինչո՞ւ են իրենց բազմաթիվ դիմումներ անպատասխան թողել, Արսեն Միրզոյանն ի պատասխան հավաստիացրեց, որ նման բան չկա։ Ասաց, որ իրենց ընկերության ղեկավարը եղել է Քաղաքաշինության կոմիտեում․ «Մեր դռները բաց են եղել։ Վատ է, որ այսպես ձգվել է, ամենաշատ տուժողը մենք ենք։ Կիսում ենք նաև բնակիչների անհանգստությունը, բայց այս պահին այդ խնդիրները լուծվել են։ Եկող շաբաթվա սկզբին, որ պաշտոնական փաստաթուղթը ստանանք, կտեղեկացնենք։ Այսօր ևս Գազպրոմի հետ հանդիպում ենք ունենալու տեխնիկական խնդիրների լուծման համար»։

Լրագրողները բնակիչներից հետաքրքրվեցին՝ ձեր հարցերի պատասխանները ստացա՞ք, նրանք ի պատասխան ասացին․ «Կստանանք, երբ արդյունքը տեսնենք։ Այս պատասխանները մենք քանի անգամ լսել ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728