Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկի միջոցառման ժամանակ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ թշնամին օգտագործում է մեր՝ որպես հասարակություն պառակտված լինելը․ «Աստված մի արասցե՝ վաղը, եթե նորից արհավիրքի առաջ կանգնենք, մեր հարևանները, թշնամիները չեն կարևորելու՝ դու այսօր ընդդիմությո՞ւն էիր, թե իրենց ծառայում էիր՝ ուղղակի կամ անուղղակի ձևով։ Վերաբերմունքը ուղղակի լինելու է դաժան՝ հայ լինելու հանգամանքի պատճառով։ Նորից ցեղասպանության վտանգը մեր գլխին կանգնած է, ինչի մասին միշտ խոսում էինք, և որը տեղի ունեցավ 2020–2023-ին։ Մեր հասարակությունը պետք է համահայկական հասարակական դաշինքով հանդես գա, միասնությունը մեր ուժն է»։
Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականության մասին և զուգահեռ անցկացնելով ՀՀ-ի վարած քաղաքականության հետ՝ Աշոտ Մելքոնյանն ասաց․ «Երկու-երեք օր առաջ Նախիջևանի վերաբերյալ ի՞նչ որոշում կայացրեց Ադրբեջանը։ Մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրն ի չիք դարձավ, Նախիջևանը վերածվեց ուղղակի ադրբեջանական տարածքի՝ այն դեպքում, երբ այն ինքնավարություն էր նաև հայերի համար։ 1924-ին և՛ Սահմանադրության մեջ էր Նախիջևանի մասին խոսվում, որ դա ինքնավարություն է հայերի համար, և՛ Նախիջևանի դրոշի վրա էր հայերեն գրված՝ «Նախիջևանի ինքնավար հանրապետություն», որն այսօր վերացավ։
Իսկ մենք, երբ կնքեցինք պայմանագիր՝ ԹՐԻՓՓ կոչվածի 74 տոկոսը տրամադրելով ԱՄՆ-ին, վերապահում չարեցինք, ինչպես ժամանակին թուրքերը՝ 1921-ի մարտի 16-ին արեցին Մոսկվայի պայմանագրի երրորդ կետով։ Այսինքն՝ Ադրբեջանին զիջելով Նախիջևանը, Թուրքիան պայման դրեց, որ այն երրորդ կողմին զիջելու իրավունք չունի Ադրբեջանը։ Ինչո՞ւ մենք դա չարեցինք վերջին փաստաթուղթը ստորագրելիս, որ կողմերից յուրաքանչյուրն իրավունք չունի իր մասնաբաժինը վաճառել երրորդ կողմի՝ առանց մյուս կողմի համաձայնության՝ տվյալ դեպքում ՀՀ-ի, որը, ինչպես փաստաթղթում նշվում է, ինքնիշխան իրավունքները պահպանում է այդ տարածքի նկատմամբ։ Չարվեց վերապահում»։
Կարդացեք նաև
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































