Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրված» բռնապետերի պատմությունից

Փետրվար 11,2026 14:30 Share

Ինչպես են «արդարության մարտիկները» դիկտատուրա հաստատում

Հայաստանում քահանաներին, եպիսկոպոսներին եւ թեմակալ առաջնորդներին արդեն սկսել են «նշանակել» գրպանային դատարանների միջոցով: 1991 թվականին ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ մենք կգլորվենք բռնապետության այս անդունդը: Բայց այդ ճանապարհը բացվեց, որքան էլ զարմանալի թվա, 2018 թվականի ընտրություններից հետո՝ ընտրություններ, որոնց լեգիտիմությունը ոչ ոք, կարծես թե, չի վիճարկում:

Պետք է ասել, որ դա մարդկության պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ, ցավոք, վերջին դեպքն է, երբ «հանուն արդարության», «վերնախավի դեմ», «կոռուպցիան ոչնչացնելու» պոպուլիստական կարգախոսներով իրապես շահում են ժողովրդի սիրտը եւ դրանից հետո կամայականություններով, բռնաճնշումներով ու շվայտ կյանքով գերազանցում են նրանց, ում դեմ պայքարում էին:

Հիտլերի եւ նացիոնալ-սոցիալիզմի մասին շատ է խոսվել: Մեզ, թերեւս ավելի մոտ է Բենիտո Մուսոլինիի օրինակը: Իտալացի բռնապետն, ի դեպ, նախկին լրագրող էր:

1922 թվականին նա բազմահազարանոց երթ էր կազմակերպել Հռոմի վրա՝ ի վերջո, ստիպելով թագավորին իրեն վարչապետ նշանակել: Դրանից հետո նորմալ ընտրություններ չէին անցկացվել, իսկ 1928 թվականին ամեն ինչ հանգեց հանրաքվեի՝ քաղաքացիները պետք է «այո» կամ «ոչ» ասեին ֆաշիստական կուսակցության ցուցակին, իսկ մնացած կուսակցությունները պարզապես արգելված էին: Բռնապետությունները հենց հման ձեւերով են լիգիտիմացվում:

Պուտինի, Լուկաշենկոյի, Էրդողանի, Ուգո Չավեսի անվերահսկելի իշխանություն ձեռք բերելու եւ բռնապետ դառնալու պատմությունները հայտնի են: Իսկ սխեման մոտավորապես նույնն է անհիշելի ժամանակներից: Հիշենք թեկուզ Աթենքի եւ Սիրակուզայի բռնակալներ Պեյսիստրատոսին (561–527 մ.թ.ա) եւ Դիոնիսիոս Ավագին (405–367 մ.թ.ա):

Պատմական հետազոտությունների հեղինակները, ուսումնասիրելով «ընտրված» բռնապետերի պատմությունը՝ սկսած Հին Հրեաստանի, Աթենքի բռնակալներից, վերջացրած նույն Չավեսով, ցույց են տալիս, թե ինչպես ես նման ռեժիմները հաստատվում՝ ըստ փուլերի:

1/ Ճգնաժամ, որը ստեղծել են «նախկինները» (վերջիններս դա սովորաբար չեն ընդունում), հասարակության բեւեռացում, արտաքին սպառնալիքներ:

2/ ժողովուրդը տենչում է ունենալ «ուժեղ առաջնորդ», «հերոս», «փրկիչ» եւ այլն:

3/ Ապագա բռնապետը խոստանում է արդարություն, պաշտպանել ժողովրդին նախկին վերնախավից, կեղեքիչներից եւ թալանչիներից՝ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»:

4/ «Ժողովրդի կամարտահայտություն»՝ ոչ այնքան դասական իմաստով ընտրություններ (կուսակցությունների, ծրագրերի, գաղափարների միջեւ), որքան ակլամացիա՝ ժողովուրդը հավանություն է տալիս «իրեն փրկող հերոսին»՝ հիշենք Մուսոլինիին:

5/ Ազատության սահմանափակում, ընդդիմախոսների հետապնդում, դատարանների՝ բռնապետին ենթարկեցում:

6/ Ժողովուրդը, ի հեճուկս բռնապետի բերած չարիքների, որոշ ժամանակ շարունակում է նրան վստահել ու սատարել: Դրա պատճառները բազմաթիվ են. մասնավորապես, «նախկիններին» ատելու իներցիան եւ վախը, որ նրանք կվերադառնան կամ, որ հարաբերական կայունությունը կխարխլվի:

Արդյունքն այն է, որ «փրկիչն», ըստ էության, դառնում է իշխանության բռնազավթիչ, իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած ուզուրպատոր, բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ խորհրդարանը եւ դատարանները դառնում են զուտ դեկորացիա, արտաքին պաճուճանք: Ընտրությունները դառնում են միապետին որոշակի պարբերականությամբ հաստատելու «ընթացակարգ», սահմանադրությունը (եթե խոսքը նոր ժամանակների մասին է)՝ թղթի կտոր: Քանի որ բռնապետին «ժողովուրդն է ընտրել», նա վստահ է, որ կարող է անել ամենի ինչ՝ արհամարհելով բոլոր ինստիտուտները:

Ձեզ, իհարկե, հետաքրքիր է, թե ինչպես է նման տիրանիան վերջանում, եւ ինչ է տեղի ունենում բռնապետերի հետ: Այստեղ տարբերակները բազմաթիվ են՝ ժամանակակից աշխարհում սովորաբար լուծումներն այս կամ այն չափով խաղաղ են: Բայց կա մի բանաձեւ, որը դարձյալ առաջարկել են հույները, ավելի հստակ պատմաբան եւ քաղաքական գործիչ Պոլիբիոսը (200–118 մ.թ.ա.). տիրանիան քանդվում է այնպես, ինչպես եւ ստեղծվում է՝ վախի, ատելության եւ չափը կորցնելու պատճառով, իսկ բռնապետը տապալվում է, երբ այլեւս ոչ մեկին պետք չէ: Բայց երբ է դա տեղի ունենալու Հայաստանում, ոչ ոք չի կարող ասել:

…Ուզբեկստանում 2000 թվականի նախագահական ընտրություններում Իսլամ Քարիմովի միակ «մրցակիցն» էր Աբուլհավիզ Ջալալովը: Ընտրություններից առաջ «այլընտրանքային թեկնածուն» հայտարարեց, որ անձամբ ինքը քվեարկելու է Քարիմովի օգտին:

Փաշինյանի իշխանությունը «հավերժացնելու» դեպքում դա նաեւ մե՛ր ապագան է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Փայլուն վերլուծություն է, իսկ վերջին նախադասությունում նշված փորձանքից Աստված մեզ հեռու պահի։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728