ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի իր միկրոբլոգում քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հրապարակման հեռացումը։
Հիշեցնենք՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին ԱՄՆ փոխնախագահի գրառումը, որում 2 անգամ հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը, ջնջվել էր՝ հրապարակումից կարճ ժամանակ անց: Ավելի ուշ հաղորդագրությունը վերահրապարակվել է Ջեյ Դի Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի կողմից, սակայն առանց «Հայոց ցեղասպանություն» բառերի։
X-ի իր միկրոբլոգում Նենսի Փելոսին նշել է. «Երբ ես 2022 թվականին, որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, այցելեցի Հայաստան, մեր կոնգրեսական պատվիրակությունը կանգնեց Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց երկմտանքի խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև ճշմարտությունը կարևոր է։
Այդ ճշմարտությունը վերահաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը 2021 թվականին դրսևորեց բարոյական առաջնորդություն՝ պաշտոնապես ճանաչելով այն․ դիրքորոշում, որը ամոթալիորեն հետ շրջվեց Թրամփի վարչակազմի կողմից։
Կարդացեք նաև
Խորապես հիասթափեցնող է, թեև ոչ զարմանալի, տեսնել, որ ԱՄՆ փոխնախագահը ջնջում է այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմությունը ջնջելը անարգում է զոհերի հիշատակը և թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում ամբողջ աշխարհում»։



















































